Եվրահանձնաժողովի նախագահն անհապաղ հոսպիտալացվել է

23:52 • 17.08.19

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը դադարեցրել է իր արձակուրդն առողջական խնդիրների պատճառով և տեղափոխվել է Լյուքսեմբուրգ, որտեղ նա շտապ վիրահատության կենթարկվի: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Եվրահանձնաժողովի հաղորդագրությանը:

Ինչպես նշվում է, Յունկերն ստիպված է եղել կրճատել իր արձակուրդն Ավստրիայում: Նրան հետ են ուղարկել Լյուքսեմբուրգ, որտեղ պետք է խոլեցիստեկտոմիա (լեղապարկի հեռացման վիրահատություն) կատարվի:

Յունկերը Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնն զբաղեցնում է 2014 թվականից: Նրա լիազորությունների ժամկետը լրանում է հոկտեմբերի վերջին: Նրան այդ պաշտոնում փոխարինելու է նորընտիր Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: