Open Arms նավը, որում 17 օր է, ինչ 121 ներգաղթյալ է գտնվում, հրաժարվել է իսպանական նավահանգիստ մտնելու առաջարկից. El Pais
Իսպանական Proactiva բարեգործական կազմակերպության Open Arms նավը, որում 100-ից ավել ներգաղթյալներ են գտնվում, հրաժարվել է թագավորության նավահանգիստ մտնելու Իսպանիայի առաջարկից:
Ինչպես հաղորդում է El Pais-ը, երկրի իշխանությունները նավին առաջարկել են մտնել Ալխեսիրասի նավահանգիստ: Մադրիդն այդ քայլին է գնացել, երբ Իտալիայի իշխանությունները հրաժարվել են ընդունել նավը:
Բարեգործական ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ իրենք չեն ընդունում Իսպանիայի առաջարկը: «Մենք չենք կարող վտանգել ներգաղթյալների և անձնակազմի անդամների անվտանգությունն ու ֆիզիկական առողջությունը, մենք պետք է նավից իջնենք հենց հիմա»,- ասել են կազմակերպությունից՝ մասնավորեցնելով, որ 17 օր ծովում մնալուց հետո Իտալական Լամպեդուզա կղզու ափերի մոտ գտնվող նավը չի կարող այդքան երկար ճանապարհ անցնել:
Օգոստոսի 15-ին Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտարարել էր, որ ԵՄ երկրներից վեցը պատրաստ են ընդունել նավում գտնվող ներգաղթյալներին: Խոսքը Գերմանիայի, Իսպանիայի, Լյուքսեմբուրգի, Պորտուգալիայի, Ռումինիայի և Ֆրանսիայի մասին է:
Հիշեցնենք, որ ամերիկացի հանրահայտ դերասան Ռիչարդ Գիրը օգոստոսի 9-ին իր նավով ուտելիք էր տարել արդեն 8 օր բաց ծովում գտնվող 121 ներգաղթյալներին:










