Եվս մեկ բողոքի օր Հոնկոնգում. հազարավոր բնակիչներ զանգվածային երթ են իրականացնում (լուսանկարներ)

18:48 • 18.08.19

Հոնկոնգում տասնյակ հազարավոր մարդիկ ևս մեկ զանգվածային բողոքի երթ են կազմակերպել՝ Պեկինի իշխանությունների կողմից առավել խիստ նախազգուշացումների ֆոնին:

Ինչպես հաղորդում է BBC News-ը, շաբաթ իրականացված երթը խաղաղ բնույթ է կրել, սակայն ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ շատ են գրանցվել վերջին 10 շաբաթում:

Բողոքի ցույցերը, որոնք արդեն մի քանի ամիս է, ինչ շարունակվում են, պայմանավորված են օրենսդրական փոփոխություններով, որոնց ընդունման պարագայում Չինաստանի տարածքում քրեական հետապնդման ենթակա հոնկոնգցիները կարտահանձնվեն Չինաստանի մայրցամաքային տարածք: Օրենքի ընդունումը ժամանակավորապես կասեցվել է Հոնկոնգի իշխանությունների կողմից:

Բողոքի ցույցերի կազմակերպիչներին մերժել են թույլատրել երթը քաղաքով, սակայն ոստիկանությունը կիրակի թույլատրել է ցույցի անցկացումը Վիկտորիա այգում, որտեղ ըստ համացանցում հրապարակված լուսանկարների հազարավոր մարդիկ են հավաքվում: