Ռեստորանային ոլորտն արդեն «ձայն» ունի. մեկնարկել է «Ռեստորատոր» նախագիծը (լուսանկարներ)
MBG Hospitality-ի և Արմնյուզ FM-ի համագործակցության արդյունքում այսուհետ 106.9 հաճախականությամբ յուրաքանչյուր շաբաթ ձեզ կներկայացվի թարմ տեղեկատվություն ռեստորանների ներքին կյանքից և ռեստորանային էթիկետից. կլինեն օգտակար խորհուրդներ, նոր բացահայտումներ և զրույցներ ամենահետաքրքիր գաստրոնոմիկ թեմաների շուրջ։
MBG Hospitality–ն ոլորտում գործող միակ մուլտիբրենդային ընկերությունն է և ներառում է իրարից կոնցեպտուալ խիստ տարբեր 7 ռեստորաններ:
«Ռեստորատոր»-ը նոր և նմանը չունեցող նախագիծ է հայաստանյան շուկայում ռեստորանների և դրա պատերի ներսում բուռն ծավալվող կյանքի մասին:
Մարքեթինգի մասնագետ Աննա Սալոմեն, ով հաղորդման հեղինակ-վարողն է, նշում է՝ յուրաքանչյուր հաղորդում պատրաստվում է մանրամասն և ծավալուն ուսումնասիրությունից հետո՝ նպատակ ունենալով ավելի նրբաճաշակ, խստապահանջ, բծախնդիր և տեղեկացված դարձնել հայ հաճախորդին:
Նախագիծը բացառիկ է, քանի որ հայկական իրականության մեջ երբեք չեն մեկտեղվել ռեստորանային ոլորտի վերաբերյալ ճանաչողական ինֆորմացիան և էթիկետը:
«Տեսականորեն հայաստանյան տեղական շուկան բավական զարգացած է, սակայն հայ սպառողը դեռևս բավականաչափ խստապահանջ չէ, և մեր նպատակը հենց դրան հասնելն է»,- ասել է Աննա Սալոմեն:
«Ռեստորատոր» հաղորդման նշանաբանն է՝ հաղորդում համեղի և էսթետիկի մասին: Ռեստորանային մշակույթի մասին նոր նախագիծը կհեռարձակվի ամեն շաբաթ օր՝ ժամը 15:10-ին և երեքշաբթի 12:30-ին Արմնյուզ FM-ի եթերում:




















