Չեմ կարող հավատալ նման բանի. Սեյրան Սարոյանը՝ 2008-ի մարտի 1-ին Օգանովսկու կողմից կրակելու հրաման արձակելու հրապարակման մասին

13:53 • 20.08.19

Գեներալ-մայոր, ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանը «չի կարող հավատալ» այն տեղեկությանը, որ «Մարտի 1-ին»  ցուցարարների ուղղությամբ կրակ բացելու գործողությունը ղեկավարել է Արցախի գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (Օգանովսկին): Այս մասին նա հայտարարեց այսօր իր տան բակում հրավիրված մամուլի ասուլիսին:

«Ես չգիտեմ՝ BBC-ն ինչ ասեց, չասեց, բոլորս էլ Երևանում ենք եղել, հիմա ինչ, խաբե՞նք իրար»,- ասաց նա:

Հարցին, թե Արցախից զինվորականներ բերվել են Երևան 2008 թ.-ի մարտի 1-ի դեպքերի ժամանակ, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Չգիտեք, թե չէ դուք չէի՞ք նկարում էդ վախտ:

Այդ մի տեղը (Tert.am - մարտի 1-ի դեպքերի ժամանակ) բախտներս բերեց, որ ես Մանվելի հետ թողինք, եկանք տուն: Մենք տնից դուրս չենք եկել, թե չէ հիմա դա էլ էին կապելու մեր գլխին, քրքրել էին հիմա մեզ»:

Հիշեցնենք, որ բրիտանական BBC-ն «Մարտի 1-ի» գործով վերջերս հրապարակում էր արել: Պարբերականը նշում է, որ հետաքննության նյութերին ծանոթանալու բացառիկ հնարավորություն է ստացել, և ըստ այդմ՝ քննությունը կարծում է, որ ողբերգական այդ օրը ցուցարարների ուղղությամբ կրակ բացելու գործողությունը ղեկավարել է Արցախի գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (Օգանովսկին):