Մենք շուրջ 1 ու կես տարի առաջ Ամուլսարի ճակատագիրը որոշել ենք. ոչ մի կերպ թույլ չենք տալու հանքի շահագործումը. Շիրակ Բունիաթյանը՝ վարչապետի հայտարարության մասին

14:56 • 20.08.19

Մենք շուրջ մեկուկես տարի առաջ Ամուլսարի ճակատագիրը որոշել ենք, ոչ մի կերպ թույլ չենք տալու Ամուլսարում հանք շահագործել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Դեմ եմ Ամուլսարում հանքաարդյունաբերությանը» նախաձեռնության հեղինակ, Ջերմուկ քաղաքի բնակիչ Շիրակ Բունիաթյանը՝ անդրադառնալով վարչապետի՝ Ամուլսարի հարցով ուղիղ եթերի ընթացքում հնչեցրած հայտարարություններին:

«Վարչապետի հետ երեկվա հանդիպումից հետո մեզ համար արդեն պարզ էր իր դիրքորոշումը, այն, թե ինչ պետք է ասի երեկոյան ուղիղ միացման ժամանակ: Բայց մենք շուրջ մեկուկես տարի առաջ Ամուլսարի ճակատագիրը որոշել ենք՝ Ամուլսարը պետք է սար մնա, և մեզ իր զորակցությունը, աջակցությունն է հայտնել հասարակության ամբողջ խելամիտ հատվածը: Մեր որոշումը շարունակում է մնալ անփոփոխ, չենք հուսահատվել, մեր որոշման մեջ անկոտրում ենք»,- նշեց Շիրակ Բունիաթյանը:

Նրա խոսքով՝ Ամուլսարի պահապանները, որոնք 1 տարուց ավելի է՝ փակ են պահում հանք տանող ճանապարհները, շարունակելու են խաղաղ՝ բաց ձեռքերի պայքարը:

«Եթե կառավարությունը ոստիկանական ուժեր ուղարկի և պահապաններին հեռացնելու գործողություն անի, որին չեմ ուզում հավատալ, մենք պահպանելու ենք ի սկզբանե մեր որդեգրած դիրքորոշումը, որ ամեն ինչ պետք է լինի խաղաղ, բաց ձեռքերով: Բայց այն, որ ոչ մի կերպ թույլ չենք տալու Ամուլսարում հանք շահագործել, քննարկման ենթակա չէ»,- ասաց «Դեմ եմ Ամուլսարում հանքաարդյունաբերությանը» նախաձեռնության հեղինակը:

Շիրակ Բունիաթյանը նշում է, որ համայնքները պետք է որոշեն իրենց զարգացման ճանապարհը: Ըստ նրա՝ Ջերմուկը պետք է ոչ թե հանքարդյունաբերությամբ, այլ զբոսաշրջությամբ զարգանա:

«Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը տարբեր մարդկանց մոտ տարբեր ձևով ընկալվեց: Մարդ կա դա իր համար ժամանակավոր իշխանություն է, բայց մեր դեպքում անձի մեջ հեղափոխություն եղավ: Այսինքն՝ մենք հասկացանք, որ մենք ենք տերը մեր երկրի, մնացած դիրքորոշումները կարևոր չեն: Մենք գիտակցում ենք, որ կառավարությունները գալու են, գնան, բայց արժեքները, որ այս հեղափոխության շնորհիվ ներդրվել են մեր հասարակության մեջ, մնալու են: Այդ հոգեբանությամբ, որ մենք մեր երկրի տերն ենք, մեր ծննդավայրում, քաղաքում, հայրենիքում պետք է որոշենք՝ ոնց ենք ուզում ապրել»,- նշեց նա: