Թրամփը Twitter-ում հրապարակել է Գրենլանդիայում վեր խոյացած Trump Tower երկնաքերի հումորային ֆոտոկոլաժը (լուսանկար)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում տեղադրել է Գրենլանդիայում վեր խոյացած Trump Tower երկնաքերի ֆոտոկոլաժը և կատակել է՝ խոստանալով Գրենլանդիայում չկառուցել նկարում պատկերված Trump Tower երկնաքերը:
«Խոստանում եմ այսպիսի բան չանել Գրենլանդիայում»,- գրել է Թրամփը և հրապարակել համապատասխան լուսանկարը, որտեղ մեկհարկանի տնակների ֆոնին վեր է խոյանում «Trump» գրությամբ երկնաքերը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, The Wall Street Journal-ը նյութ էր հրապարակել առ այն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս իր օգնականներին հարցրել է Գրենլանդիայի՝ Դանիայի ինքնավար տարածքի գնման հնարավորության մասին:
Ինչպես պարբերականին պատմել են Թրամփի երկու օգնականները, նա բազմիցս հարցրել է նրանց և մյուսներին՝ հնարավոր է արդյոք գնել այն: Նշվում է, որ նա նույնիսկ խնդրել է Սպիտակ տան իրավախորհրդատուին գնման վերաբերյալ իրավական ուսումնասիրություն կատարել:
Ի դեպ, Թրամփն անցած կիրակի լրագրողների հետ զրույցում հաստատել է տեղեկությունը:
Ավելի ուշ Դանիայի մի շարք քաղաքական գործիչներ թագավորության կազմում գտնվող ինքնավար տարածքի գնման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետաքրքրության մասին հաղորդագրությունն անիրատեսական կատակ էին որակել:
Գրենլանդիայի` ԱՄՆ-ին վաճառելու հնարավորությունը մեկնաբանել էր նաև Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը:
«Գրենլանդիան Դանիայինը չէ։ Գրենլանդիան Գրենլանդիայինն է: Ես իսկապես հույս ունեմ, որ այս ամենն անմիտ կատակ է»,- հայտնել էր նա:
I promise not to do this to Greenland! pic.twitter.com/03DdyVU6HA
— Donald J. Trump (@realDonaldTrump) August 20, 2019










