Հնդկաստանում առաջարկել են արգելել էլեկտրոնային ծխախոտների արտադրությունն ու ներկրումը
Հնդկաստանի առողջապահության նախարարությունն առաջարկել է կառավարությանն արգելել էլեկտրոնային ծխախոտների արտադրությունն ու ներկրումը, ինչպես նաև օրինախախտների համար ազատազրկման տեսքով պատիժ սահմանել, գրում է Reuters-ը:
Նախարարությունից հայտնել են, որ էլեկտրոնային ծխախոտների արգելքի վերաբերյալ կառավարությանն ուղղված հորդորը ելնում է հասարակության շահերից և թույլ չի տա, որ ծխախոտների այդ տեսակը «համաճարակի» վերածվի երեխաների և երիտասարդների շրջանում:
«Էլեկտրոնային ծխախոտները և համանման տեխնոլոգիաները, որոնք նպաստում են ծխախոտաբույսի օգտագործմանը կամ ազդում են բնակչության առողջության վրա, վտանգավոր են ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ օգտագործողների համար»,- ասված է փաստաթղթում:
Առողջապահության նախարարության օրենքի նախագիծն արգելքը խախտողների համար մինչև 3 տարի ազատազրկում և շուրջ 6900 դոլարի չափով տուգանք է նախատեսում, ընդ որում՝ առաջին անգամ օրենքը խախտողների համար առաջարկվում է մեկ տարվա ազատազրկում և 1400 դոլարի տուգանք:










