Չի կարող որոշում կայացնել ժողովուրդը, հանրաքվեի խնդիր չէ սա. Արամ Մանուկյանը՝ Ամուլսարի հանքի շահագործման մասին

13:04 • 23.08.19

Նայում, ուսումնասիրում ենք բոլոր հնարավոր զեկույցները, հաշվարկները, բոլոր կողմերին հրավիրել ենք, էկոլոգներին, մասնագիտական ինֆորմացիա ենք հավաքում, որ մեր  դիրքորոշումը հայտնենք: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման հարցին:

«Փոշին ակնհայտ է, ստորջրյա հոսքերի վնասը ակնհայտ է, բոլորում այդ վտանգները կան, ոչ մեկը չի ասում, որ վտանգ չկա, բոլոր զեկույցները դրանք մեղմելու մասին են, և այստեղ իրենք պետք է չափեն»,-ասաց նա և նշեց, որ գիտեն վտանգների մասին, և իրեն մտահոգող շատ բաներ կան:

Ամեն դեպքում Արամ Մանուկյանը նշեց, որ տնտեսական էֆեկտ իսկապես կա:  «Այն քաղաքական ուժերը, որոնք ստորագրել են պայմանագիրը, նրանք այսօր ասում են, որ հարկավոր է էկոլոգիան մաքրել, ազնիվ պայքար չի»,-ասաց նա:

Tert.am-ի հարցին, թե ինչ իրավիճակում է հայտնվել վարչապետը, և արդյոք այստեղ ինքը, թե ժողովուրդը պետք է որոշում կայացնի, Արամ Մանուկյանն ասաց. «Նա թիմի հետ պետք է նստի, հնարավորինս անկեղծ խոսի, բոլոր պլյուսները և մինուսները պետք է քննարկել, ազնիվ չի ասել, թե մինուսներ չկա»,-ասաց նա և նշեց, որ շատ դժվար է որոշում կայացնելը:

«Չի կարող որոշում կայացնել ժողովուրդը, հանրաքվեի խնդիր չէ սա, ծանր, խիստ  մասնագիտական պատասխանատու ուժ պետք է իմանա և որոշում կայացնի, արտաքին քաղաքական ճնշումներ կան, սա խիստ մասնագիտական հարց է»,-իր անձնական կարծիքն ասաց Արամ Մանուկյանը:

Դիտարկմանը, թե այդ դեպքում ուր մնաց ժողովրդի իշխանությունը, ինչի շեշտադրմամբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, նա նշեց, որ եթե անգամ դիմես հանրաքվեի, արդյունքում ստանալու ես այն, ինչ որոշել են քաղաքական ուժերը: