Սկզբում խոսում էին վեթինգի մասին, բումի նման հնչեց տնտեսական հեղափոխությունը, բայց ես չեմ տեսել դրա իրականացնողին. Արամ Մանուկյանը՝ իշխանության մասին
Այսօրվա իշխանությունները հստակ չեն արտահայտում իրենց դիրքորոշումն արցախյան խնդրի վերաբերյալ, արտաքին դիվանագիտության հարցում, Ռուսաստանի հարցում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին, անդրադառնալով ներկայիս իշխանության քաղաքականությանը, ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ նշելով, որ շատերը հստակություն են պահանջում:
«Կարող է առաջին ամիսներին այս հստակությունը չլինեին, բայց ալիքի շրջանն անցել է, և իշխանությունները պետք է հստակ իրենց քաղաքականությունը մատչելի ներկայացնեն, թե ինչ է նշանակում տնտեսական հեղափոխություն, բարեփոխումներ:
«Ես շվարած էի դատական ռեֆորմի հարցում, գնացինք խորհուրդ տվեցինք, քննարկեցին, բայց կորավ այդ ամենը: Սկզբում խոսում էին վեթինգի, անցումային արդարադատության մասին: Բումի նման հնչեց տնտեսական հեղափոխությունը, բայց ես չեմ տեսել դրա տանողին, դա վարչապետը չի կարող, թիմը պետք է տանի»-ասաց նա:
Արամ Մանուկյանը նշեց, որ Ղարաբաղի հարցի հետ կապված պարզության, հստակության կարիք կա: «Երկրի ղեկավարությունն իր դիրքորոշումը կոնկրետացնելու անհրաժեշտություն ունի: Մենք գոնե ունենք մեր մոտեցումը, Սերժն էլ, Քոչարյանն էլ խուսափում էին այդ հարցի հստակությունից, մեզանից հստակ ոչ մեկը չի եղել, մենք մեր սեփական մոտեցումն ունենք»,-ասաց նա և նշեց, որ դա փոխզիջումային լուծում է՝ եռանախագահության առաջարկներով:
«Այս իշխանությունը պետք է ռեֆորմները սկզբում անի, որքան ուշացնում ես ցավոտ ռեֆորմները, դրանց իրականացման հնարավորությունը սպառվում է: Ավելի շատ ռեֆորմներ այս պառլամենտը կարող էր անել վեց ամիս առաջ, քան վեց ամիս հետո»,-ասաց նա և նշեց, որ գնալով կարող են ստորգետնյա հոսանքներ առաջանալ «Իմ քայլում»:
Չնայած դրան՝ Արամ մանուկյանը նշեց, որ լավ բաներ անում են այս իշխանությունները: «Ազնիվ ու գրագետ պաշտոնյա գտնելը դժվար է»,-ասաց նա:










