Նիկոլ Փաշինյանը ջերմուկցիներին խոսք է տվել՝ Ամուլսարը չի բացվելու, հիմա թույլ չենք տա. Ջերմուկի բնակիչ
Ջերմուկում վարչապետի՝ այսօրվա շրջայցին զուգահեռ անցկացված ակցիայի ժամանակ ջերմուկցիները պնդեցին, որ իրենց հանք հարկավոր չէ, քաղաքը ներդրողներ շատ ունի: Նրանք նշեցին, որ հանքի շահագործման խնդիրն ամբողջ ժողովրդինն է: Ըստ նրանց՝ Ջերմուկում աշխատավարձը միշտ էլ ցածր է եղել, բայց անթույլատրելի է դա բարձրացնել հանքի հաշվին, քանի որ այն իր հետ կբերի անդառնալի հետևանքներ, հիվանդություններ: Նաև հավելեցին, որ Փաշինյանն իրենց խոստացել է՝ Ամուլսարը չի բացվելու, հիմա թույլ չեն տալու:
«Եթե նախկին իշխանությունների արածը շարունակվում է, մեր իշխանությունը ի՞նչ է անելու: Նրանց են մեղադրում՝ սխալ են սկսել»,-ասաց բնակիչն ու հավելեց, որ ոչ ոք չի գնացել փորձաքննություն կատարելու:
Ջերմուկցիների խոսքով՝ իրենց պետք չէ այն ոսկին, որի համար արյուն է թափվելու:
«Ոսկին կմնա մեր սերունդներին, որոնք այն կհանեն ի բարօրություն մեր ժողովրդի: Ոչ թե անգլիացին ու ամերիկացին գան մեր ոսկին տանեն»,- ասաց ջերմուկցին:
Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ մեկնել է Ջերմուկ՝ ծանոթանալու Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ ջերմուկցիների կարծիքին:










