Անկախության արժեքը պետք է լինի թիվ մեկը, բոլոր տոներից առավել կարևորը. Արամ Մանուկյան

12:50 • 23.08.19

Այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն անդրադարձավ Անկախության հռչակագրի ընդունման 29-րդ տարեդարձին:   Հիշեցնենք, որ հենց նա է ընթերցել անկախության հռչակագիրը:

«Սա արժանապատվության, հպարտության, դաստիարակելու տոն է, քաղաքացի դաստիարակելու տոն: Այդ առումով անկախության արժեքը պետք է լինի թիվ մեկը, բոլոր տոներից առավել կարևորը: Մեր նման ազգերի համար անկախությունը նախախնամություն, բախտ, երջանկություն է: Անկախությունը երկրի համար չէ, քաղաքացու համար է, և ինձ համար գերագույն արժեքն անկախ քաղաքացին է»,-ասաց նա:

Արամ Մանուկյանն ասաց, որ միշտ հպարտությամբ ասում է, որ անկախության այս փաստաթուղթը դարձավ ծննդական, Սահմանադրություն: «Սա միակ փաստաթուղթն է, որ ոչ մի քաղաքական ուժ, այն ընդունելուց հետո, չքննադատեց, բոլորի համար էր ընդունելի, ամենաոխերիմ հակառակորդները ևս չքննադատեցին: Սա համազգային համաձայնության արդյունքում ծնված փաստաթուղթ էր, և դրա մեջ էր իր ուժը»,-ասաց նա:

Արամ Մանուկյանը նշեց, որ հռչակագիրն Արցախյան ազատագրական շարժման երկուսուկես տարվա պայքարի արդյունքն էր:  «Իննսունականների իշխանությունն իր սուվերենությունից մի կտոր չի տվել, իսկ դրանից հետո իշխանությունների ժամանակ հստակ էր, որ մեր անկախությունը շատ է մսխվել»,-հավելեց նա:

«Այս իշխանությունը այդ դժվարությունների վրա է նստած, ուժեղ են դրսի ազդեցությունները Հայաստանի վրա, իմ ուզածի չափ անկախություն չեն պաշտպանում: Ես այսօր էլ այն մոտիվացիան, կարևորությունը չեմ զգում, թե ինչպես պետք է անկախությանը տեր կանգնել, պահպանել: Պետությունը և իշխանությունն անկախության շունն են, պահապանը, ինչ իշխանություն էլ, որ գա, իր թիվ մեկ գործառույթը պետք է լինի այդ անկախությունը պահպանելը»,-ասաց նա և նշեց, որ ժողովուրդն իրեն մեծ վստահություն է տվել և այսօր էլ, 50-60 տոկոս, այդ վստահությունը կտա: