Հաշվարկված չէ, թե հանքի շահագործումից ինչ վնաս են կրելու Ջերմուկում ներդրում կատարած մարդիկ

13:23 • 23.08.19

Ջերմուկում շարունակվում է երթն ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման: Այնտեղ է նաև վարչապետ Փաշինյանը, ով ցանկացել էր տեղում ծանոթանալ հանքի շահագործման վերաբերյալ ջերմուկցիների տեսակետին: Ընթացքում նրան են մոտենում քաղաքացիներ, որոնք բացատրում են հանքի շահագործման վնասկարության և հետևանքների մասին՝ նկատելով, որ յուրաքանչյուր պայթեցում կարող է հանգեցնել մինչև 25 տոննա փոշու առաջացման:

Քաղաքացիները նաև նկատում են, որ Ջերմուկում ներդրումներ են եղել՝ որպես առողջապահական քաղաք: «Օրինակ՝ նորաբաց հյուրանոց է, վրան 4 կամ 5 մլն դոլարի ներդրում է կատարվել, տուժելու են նաև տեղի բիզնես ներդրումները, սակայն հաշվարկված չէ վնասը, որը կարող է հասցնել Ամուլսարի հանքի շահագործումը»,- ասաց ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման երթի մասնակիցը:

Նա հիշեցրեց, որ դեռևս 2008 թ.-ին Ջերմուկը ճանաչվել է զբոսաշրջային կենտրոն, որի հիման վրա կազմվել էր զարգացման ծրագիր, որով 100 զբոսաշրջիկի այց պետք է ապահովեր, տարեկան  100 մլն դոլարի ներդրում և 4000 աշխատատեղ:

«Այս հոյակապ ծրագիրը դրել են մի կողմ ու խոսում են հանքի շահագործման հնարավոր օգուտներից: Սա մեզ համար անընդունելի է»,- շեշտեց նա: