Նիկոլ Փաշինյանն այցելել է Ջերմուկ ու հանդիպում է առանձին բնակիչների հետ, հրապարակում հավաքվածները դժգոհ են (տեսանյութ)

10:49 • 23.08.19

12:37

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկի հյուրանոցներից մեկում էր, ծանոթացավ պայմաններին: Նա հիացմունքով խոսեց հյուրանոցի պայմաններից, որից երևում է նաև Ամուլսարը:

Tert.am-ի հարցին՝ արժե այս ամենը փոխել հանքարդյունաբերության հետ, վարչապետը կարճ պատասխան տվեց՝ ասելով. «Լավ, էլի»:

Փաշինյանը հյուրանոցը լքեց, սակայն ցուցարարները չեն դադարում «Ամուլսարն առանց հանքի» վանկարկումները:


12:31

Ջերմուկում տուրիզմով զբաղվող Նարեկ Միրզոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրեց, որ միասին գնան նորակառույց հյուրանոց: Նա պարզաբանեց, որ հյուրանոցից Ամուլսարը շատ լավ երևում է:

«Ամուլսարն այդ հյուրանոցից շատ լավ երևում է, ցանկանում եմ, որ վարչապետը տեսնի Ամուլսարի ու տուրիստական տարածքի հեռավորությունը», - ասաց նա:

12:01

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում շրջում է քաղաքացիների բնակարաններով: Առաջինն այցելեց ԱՄՆ-ից ՀՀ ժամանած Գոհար Հունանյանի տուն:

«Վերադարձել ու հաստատվել եմ ՀՀ-ում՝ Ջերմուկում, որովհետև էկոլոգիապես մաքուր տեղ եմ եկել ապրեմ: Ուզում եմ, որ այս մաքուր, անարատ բնությունը պահպանվի: Շատ ընկերներ ունեմ, որ ուզում են գալ Հայաստան: Այս տանից ամբողջ սարը՝ Ամուլսարը, քաղաքը երևում է: Չեմ ուզում գամ մի տեղ, որտեղ բնությունը ապականվում է»,- ասաց Գոհար Հունանյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնեց կնոջ հետ, բայց նկատեց, որ հարց է՝ արդյո՞ք Ամուլսարի հանքի շահագործումը վտանգել է բնությունը: Ի պատասխան վարչապետի՝ Գոհար Հունանյանն ասաց, թե կոմպետենտ մարդիկ պետք է բերվեն, որ այս հարցին պատասխան տրվի:

«Կոմպետենտ մարդիկ բերում ենք, հետո ասում են, որ չէ՝ սա ոնց որ կոմպետենտ չէր: Ավելի կոմպետենտ մարդիկ ենք բերում, հետո էլի ասում են, որ չէ՝ սա էլ այն չէ: Հիմա աշխարհի բոլոր կոմպետենտ մարդկանց պիտի հավաքենք, որ հասկանանք: Մեր նախընտրական ծրագրում էլ է գրած, որ ՀՀ-ն էկոհամակարգի կոնցեպտով պիտի:

Ենթադրենք, որ հանքը աշխատեց, պիտի հասկանանք՝ այդ հանքն ինչ ազդեցություն ունի հողի, ջրի, աղմուկի վրա: Այդ պուճուր սարի վրա մինչ հեղափոխությունն արդեն 400  մլն դոլար է ծախսվել: Ինձ զեկուցել են, որ կա ամենօրյա, ամենշաբաթյա ու ամսվա մոնիթորինգ: Խումբը՝ կազմված քաղհասարակությունից, կառավարության ներկայացուցչից, փորձագետներից, ընկերության ներկայացուցիչներից, ամեն օր խոտը վերցնելու է, որ տանի լաբորատորիա: Եթե պարզվի, որ խոտի վրայի փոշին նախատեսվածից շատ է, ապա 90 օր է տրվում խնդիրը կարգավորելու համար: Եթե խնդիրը չի վերացվում, ապա պետությունն ունի հանքի շահագործումը դադարեցնելու իրավական հիմք»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը:

Գոհար Հունանյանը խնդրեց վարչապետին իրենց հուսախաբ չանել, քանի որ հավատում է Նիկոլ Փաշինյանին:

11:21

Ջերմուկում մի քանի տասնյակ մարդիկ շարունակում են բողոքի ակցիա են իրականացնել՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման:

Ջերմուկցիները վանկարկում են «Փաշինյան, հեռացիր», «Ավինյան, հեռացիր» վանկարկումներով են ակցիան շարունակում:

11:06

Քիչ առաջ Ջերմուկ այցելեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավաքված քաղաքացիները նրանք դիմավորեցին «Ամուլսարն առանց հանքի» վանկարկումներով:

Քաղաքացիները նրան ասացին, որ մինչ հիմա ժողովրդի կարծիքը հաշվի չի առնվել, իսկ վարչապետը պատասխանեց. «Էս մի տարի է՝ ինչ ասում եք, լսում եմ, ինչ գրում եք, կարդում եմ, ամեն ինչ գիտեմ: Այցը կփչացնեք, թողեք գնանք մարդկանց հետ հատ-հատ խոսեմ»,-ասաց նա:

Ջերմուկցիները նրան ասացին, որ իրավիճակն իրեն սխալ են զեկուցում: «Ձեզ սխալ են զեկուցում, այստեղ ոչ մի ուղղորդում չկա, ամեն ինչ ինքնաբուխ է եղել»: 

«Ժողովրդի հույսն ու հավատը դուք եք»,-ասաց քաղաքացիներից մեկը:

Վարչապետը շարժվեց և քաղաքացիները նրան ճանապարհեցին նույն վանկարկումներով:

10:49

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում է։ 

Ավելի վաղ նա իր ֆեյսբուքյան էջում ուղղաթիռից լուսանկար էր հրապարակել՝ նշելով, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ մեկնում է Ջերմուկ։

Tert.am-ի թղթակիցը Ջերմուկից հաղորդում է, որ վարչապետը հանդիպումներ է ունենալու քաղաքի բնակիչների հետ։

Վարչապետի այցին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։