Չենք վստահում Ամուլսարի փորձաքննությանը. ինչքանո՞վ վստահ լինենք, որ «Լիդիանը» ELARD-ի հետ կուլիսային հանդիպումներ չի ունեցել, Ն. Փաշինյանի դիրքորոշումն էլ ընդունելի չէ. հարցում (տեսանյութ)

21:16 • 25.08.19

Երևանում Tert.am-ի անցկացրած հարցման ընթացքում քաղաքացիները մեծամասամբ դեմ են արտահայտվում Ամուլսարում հանքի շահագործմանը:

«Դեմ եմ, շատ խիստ դեմ եմ: Մենք մի հատ գեղեցիկ հանգստյան գոտի ունենք, հիանում ենք մեր Ջերմուկով, իսկ դա արդեն կարող է ամեն ինչ փչացնել: Ո՞ւմ համար ենք դա անում, մեր ժողովրդին համենայն դեպս օգուտ չէ դա»,- նշեց քաղաքացիներից մեկը:

ELARD ընկերության իրականացրած փորձաքննությունը շատերին վստահություն չի ներշնչում: Քաղաքացիներից մեկի կարծիքով՝ ճիշտ կլինի՝ երկրորդ անգամ էլ փորձաքննություն իրականացվի, բայց այս անգամ ոչ թե լիբանանյան, այլ ավելի հուսալի, հայտնի եվրոպական կազմակերպության պատվիրակվի նոր փորձաքննությունը:

«ELARD-ին չեմ վստահում: Ինչքանո՞վ ես վստահ լինեմ, որ Լիդիանն այդ ընկերության հետ կուլիսային հանդիպումներ չի ունեցել: Դրա համար չեմ վստահում փորձաքննությանը: Կառավարության, Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումն էլ ընդունելի չէ, առավել ևս իր ուղիղ եթերում հնչած շատ-շատ հայտարարություններ նորմալ չէին, ասենք՝ Սոլտ Լեյք Սիթիի օրինակը»,- ասաց մեկ այլ քաղաքացի:

Մանրամասները՝ տեսանյութում: