Մեծ Բրիտանիայում քույրն ու եղբայրը ծախսերը կրճատելու նպատակով համատեղել են հարսանիքը

23:40 • 28.08.19

Մեծ Բրիտանիայում քույրն ու եղբայրը գումար խնայելու նպատակով որոշել են ամուսնանալ նույն օրը և կիսել հարսանեկան արարողության ծախսերը, հաղորդում է Fox News-ը:

31-ամյա Անդրեան և նրա 28-ամյա եղբայր Քրիսոֆերն իրենց սիրելիների հետ ամուսնանալու համար համատեղ խնջույք են կազմակերպել՝ ավելի քան 100 մարդու հրավիրելով: Զույգերից յուրաքանչյուրը շուրջ 6200 դոլար է խնայել:

«Ես և փեսացուս մտադիր էինք ամուսնանալ նույն ժամանակահատվածում, ինչ Քրիստոֆերն ու նրա հարսնացուն: Պարզվեց՝ մենք բոլորս համանման վայրեր և գունային գամմաներ էինք փնտրում տոնակատարության համար: Մի օր բողոքեցի Քրիստոֆերին ծախսերից, և նա առաջարկեց հարսանիքները համատեղել»,- պատմել է Անդրեան:

Նրա խոսքով՝ նման լուծումը հարմար է եղել նաև իրենց հոր համար, որը տառապում է թոքերի լայնացմամբ (էմֆիզեմա) և հնարավորություն է ունեցել ներկա գտնվելու միաժամանակ երկու զավակների հարսանիքին:

Քրիստոֆերը՝ մտահաղացման հեղինակը, խոստովանել է, որ սկզբում դա ընդամենը կատակ է եղել: Նրանց հայրը՝ Քոլինը, գոհ է մնացել համատեղ հարսանիքից: Նա նկատել է, որ փոքր տարիքում այդքան բան կիսելուց հետո իր երեխաներն այժմ կկիսեն նաև ամուսնության տարելիցը: