Օսկարակիր դերասան Մեթյու ՄքՔոնախին կդասավանդի Տեխասի համալսարանում
Օսկարակիր դերասան Մեթյու ՄքՔոնախին այս ուսումնական տարեսկզբից կդասավանդի Տեխասի համալսարանի ռադիո-հեռուստատեսության ֆակուլտետում, գրում է Daily Mail-ը:
Համալսարանը, որտեղ ՄքՔոնախին 1993 թվականին ստացել էր կինոդերասանի որակավորում, չորեքշաբթի հայտարարել է, որ դերասանը տարեսկզբից կուսուցանի իրենց համալսարանի ուսանողներին:
«Մեթյուն նվիրված է մեր դպրոցին և ուսանողներին, և մենք ավելի քան երջանիկ ենք, որ նա իր ժամանակը և տաղանդը կներդնի մեդիա առաջնորդների հաջորդ սերնդի պատրաստմանը»,- ասված է համալսարանի դեկանի հաղորդագրության մեջ:
Աղբյուրը նշում է, որ սա ՄքՔոնախիի դասավանդման առաջին փորձը չէ, քանզի 2015 թվականից համալսարանը պարբերաբար հրավիրում էր դերասանին դասախոսություններ կարդալու: Հոլիվուդյան դերասանն իր ուսանողներին նաև իր հետ ֆիլմերի նկարահանումների հրապարակ է տարել:
Համալսարանից հայտնել են, որ դերասանի «անձնական ներդրումն» ուսանողների ակադեմիական գիտելիքների ձեռքբերման, ինչպես նաև կարիերային զարգացման գործում անգնահատելի է:
«Նա դասավանդելու մեծ ջիղ ու պատրաստակամություն ունի»,- հայտնել են համալսարանից և հավելել, որ նրա ոգևորությունը «վարակիչ» է:
Մեթյու ՄքՔոնախին հանդես է եկել ավելի քան 50 ֆիլմերում, արժանացել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների:













