Անգլուհին Շեքսպիրի ընտանիքի տան մոտակայքում ոսկե մատանի է գտել և պնդում է, որ այն դրամատուրգին է պատկանել
Անգլիայի Ուորիքշիր շրջանի Ռոուինգթոն գյուղում` այն տան շրջակայքում, որտեղ 15-րդ դարում ենթադրաբար բնակվել է հայտնի դրամատուրգ Ուիլիամ Շեքսպիրի ընտանիքի մի ճյուղը, Սյու Քիլվերթ անունով կինը ոսկե մատանի է հայտնաբերել, գրում է Daily Mail-ը:
66-ամյա թոշակառուն, որի սիրելի զբաղմունքը մետաղորսիչով գանձեր որոնելն է, պնդում է, որ մատանին պատկանել է հենց դրամատուրգին:
Մատանու ներսի մասում մակագրված է «ճշմարտությունը չի դավաճանում» արտահայտությունը: Քիլվերթը, որը 5 տարի է՝ թանկարժեք մետաղների որոնմամբ է զբաղվում, մատանին հայտնաբերել է հողից 20 սմ խորության վրա:
Սկզբում կինը կարծել է, որ գտածը մանկական սովորական մատանի է, սակայն ավելի մոտիկից զննելով նկատել է մակագրությունը: Փորձագետները հաստատել են, որ մատանին ոսկուց է:
«Կարծում եմ՝ հնարավոր չի լինի ապացուցել, որ այն Շեքսպիրին է պատկանել, սակայն գաղափարը շատ ռոմանտիկ է»,- ասել է Սյուն:
Առաջիկա ամիսներին մատանին կուղարկվի Բիրմինգհեմ քաղաքի թանգարան՝ գնահատման: Եթե այն գանձ որակվի, կինն օրենքով կպարտավորվի սահմանված գնով այն վաճառել որևէ թանգարանի: Ինքը՝ Սյուն, խոստովանել է, որ հնարավորության դեպքում կցանկանար պահել մատանին, քանի որ նման բան «կյանքում մեկ անգամ է պատահում»:












