Վաճառքում է հայտնվել Փոլ Մաքքարթնիի նոր գիրքը

19:16 • 05.09.19

Բրիտանական The Beatles խմբի մասնակից Փոլ Մաքքարթնիի մանկական գիրքը, որն ստացել է Hey Grandude! անվանումը, հասանելի է դարձել ընթերցողների համար: ТАСС գործակալության հաղորդմամբ՝ այս մասին տեղեկությունը հրապարակվել է երաժշտի կայքում:

Նշվում է, որ բրիտանացի երաժշտի աշխատությունը հասանելի է նաև աուդիոգիրք տարբերակով: Գրքի շնորհանդեսը հեղինակի մասնակցությամբ կկայանա սեպտեմբերի վեցին՝ լոնդոնյան խանութներից մեկում:

Բրիտանական ռոք խմբի նախկին բաս-կիթառահարն արդեն փորձ ունեցել է ստեղծագործելու երիտասարդ ընթերցողի համար: Անգլիացի մանկագիր Ֆիլիպ Արդայի հետ համատեղ նա 2005-ին հրատարակել է «Բարձր ամպերի մեջ» գիրքը, որի նկարազարդումները հեղինակել է նկարիչ-մուլտիպլիկատոր Ջեֆ Դանբարը:    

 Ներկայիս գիրքը, որի պատկերազարդմամբ զբաղվել է նկարազարդիչ Քեթրին Դերսթը, պատմում է Grandude անունով ծերուկ հրաշագործի և նրա 4 թոռների արկածների մասին: Գրքի անվանումը, Մաքքարթնիի մեկնաբանությամբ, հիշեցնում է իր կյանքի դրվագներից մեկը, երբ իր ութ թոռներից մեկը փորձել է գրավել իր ուշադրությունը Hey Grandude արտահայտությամբ, որն անգլերենից թարգմանաբար նշանակում է «Հեյ, պապիկ»:

 

Վաճառքում է հայտնվել Փոլ Մաքքարթնիի նոր գիրքը