Ռոբերտ Պատինսոնը Բեթմենի դերում հանդես գալու լուրերի արտահոսքից հետո վախեցել է, որ կարող է կորցնել դերը. Variety
Ամերիկյան Warner Bros. կինոստուդիան կոմիքսային սուպերհերոս Բեթմենի դերում հաստատել է դերասան Ռոբերտ Պատինսոնի թեկնածությունը: Սակայն, երբ մայիսին սկսել էին շրջանառվել դերասանի՝ Բեթմենի դերում հանդես գալու շուրջ խոսակցությունները, վերջինս, մեղմ ասած, երջանիկ չի եղել այդ փաստի կապակցությամբ, գրում է Variety-ն:
«Այդ նորության արտահոսքից հետո ես չափազանց բարկացած էի»,- հարցազրույցի ժամանակ հայտնել է դերասանը:
«Մթնշաղ» ֆիլմի աստղի խոսքով՝ լուրի արտահոսքը եղել էր նախքան «Խավարի ասպետը»-ի գլխավոր հերոսի դերի համար քասթինգին մասնակցելը:
«Իմ թիմի բոլոր անդամները վրդովված էին»,- հայտնել է դերասանը և հավելել, որ մտավախություն ուներ, որ կկորցնի դերը:
Ռոբերտ Պատինսոնի խոսքով՝ Բեթմենի դերում հանդես գալն իր երազանքն է եղել և նույնիսկ խնդրել է հանդիպում կազմակերպել ֆիլմի ռեժիսոր Մեթ Ռիվզի հետ: Պարզվում է՝ դերասանը Բեթմենի դերի համար քասթինգն անցել է այս տարվա առաջին կեսին՝ Կաննի միջազգային կինոփառատոնի ժամանակ:
«Քննադատությունների ավելի քիչ ալիք բարձրացավ, քան ակնկալում էի»,- երկրպագուների արձագանքի վերաբերյալ հարցին պատասխանել է Պատինսոնը:
Իսկ Բեթմենի հայտնի հանդերձը հագնելիս դերասանը կատակել է. «Քեզ անմիջապես զորեղ ես զգում»:
Ֆիլմը նախատեսվում է թողարկվել 2021 թվականի հունիսին: Ֆիլմի ռեժիսորը Մեթ Ռիվզն է (War for the Planet of the Apes ֆիլմի ռեժիսորը):
Աղբյուրը հայտնում է, որ Պատինսոնն ամենաերիտասարդ դերասանն է, որ երբևէ մարմնավորել է Բեթմենին մեծ էկրանին: Բեթմենի դերում հանդես են եկել մի շարք հայտնի դերասաններ, այդ թվում՝ Քրիստիան Բեյլը, Ջորջ Քլունին, Բեն Աֆլեքը, այլք:

![]()










