Հայ կին, բազում մրցանակներ, «Խաղաղության արտիստ» կոչում. Վլադիմիր Սպիվակովն այսօր նշում է ծննդյան 75-ամյակը (լուսանկարներ)
Ռուս դիրիժոր, ջութակահար, «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակովն այսօր նշում է ծննդյան 75-ամյակը:
Նա ծնվել է 1944թ․ սեպտեմբերի 12-ին Ուֆայում։
Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո նրա ընտանիքը տեղափոխվել է Լենինգրադ։ 6 տարեկանում Սպիվակովը նախ ընդունվել է շրջանի երաժշտական դպրոց, ուր սկսել է սովորել ջութակ նվագել, այնուհետև տեղափոխվել է Լենինգրադի կոնսերվատորիային կից երաժշտական դպրոց։

Բացի այդ, նա ազատ ունկնդիր է եղել Լենինգրադի գեղարվեստի ակադեմիային կից գեղանկարչության դպրոցում և ակտիվորեն զբաղվել է բռնցքամարտով՝ հետագայում II կարգ ստանալով։
1961 թվականին հաշվառվել է Մոսկվայի կոնսերվատորիային կից կենտրոնական միջնակարգ հատուկ երաժշտական դպրոցում։ Արդեն երկու տարի անց ընդունվել է Չայկովսկու անվան Մոսկվայի պետական կոնսերվատորիա։ Միաժամանակ ապագա վիրտուոզը մասնակցել է միջազգային մի շարք հեղինակավոր երաժշտական մրցույթների։

1979թ․ Վլադիմիր Սպիվակովը հիմնել է «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախումբը՝ դառնալով դրա գեղարվեստական ղեկավարը, դիրիժորը և սոլիստը։
Սպիվակովը Մոսկվայի միջազգային երաժշտական տան նախագահն է։
Նա ԽՍՀՄ, ՀՀ, Ուկրաինայի, Դաղստանի, Բաշկորտոստանի ժողովրդական արտիստ է։ Արժանացել է ԽՍՀՄ և ՌԴ պետական մրցանակների։

Վլադիմիր Սպիվակովը նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Խաղաղության արտիստ» կոչմանն է արժանացել։
Հիշեցնենք, որ նա Հայաստանի կամերային նվագախմբի հիմնադիր, անվանի ջութակահար, դիրիժոր Զարեհ Սահակյանցի դստեր՝ դերասանուհի և հաղորդավարուհի Սաթի Սահակյանցի ամուսինն է։

Վլադիմիր Սպիվակովը, 1988 թվականին տեղեկանալով Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասին, ժամանել է Գյումրի և բարեգործական համերգներ է ունեցել:
Նա 2008 թվականին՝ 20 տարի անց, կրկին համերգային ծրագիր է ունեցել Գյումրիում:










