Ադելն ավելի քան 7 տարվա համատեղ կյանքից հետո դատարան է ներկայացրել ամուսնու հետ բաժանության համար անհրաժեշտ փաստաթղթերը
Հանրահայտ երգչուհի Ադելն ավելի քան 7 տարվա համատեղ կյանքից հետո դատարան է ներկայացրել Սայմոն Կոնեկիի հետ բաժանության համար անհրաժեշտ փաստաթղթերը, հաղորդում է Daily Mail-ը:
31-ամյա երգչուհին բաժանության վերաբերյալ փաստաթղթերը դատարան է ներկայացրել հինգշաբթի: Նշենք, որ զույգը որդի ունի՝ 6-ամյա Անջելոն, որին ծնողները պատրաստվում են «դաստիարակել համատեղ ուժերով»:
Ադելը և ամերիկացի գործարար Սայմոն Կոնեկին սկսել էին հանդիպել 2011 թվականից, սակայն զույգը որոշ ժամանակ գաղտնի էր պահում իրենց հարաբերությունները:
Չնայած նրանք երբեք պաշտոնապես չեն հայտարարել իրենց ամուսնության մասին, ըստ ենթադրությունների՝ զույգը գաղտնի ամուսնացել էր 2016-ին:
Ադելն ամուսնության լուրը հաստատել էր 2017 թվականի փետրվարին կայացած 59-րդ «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ, երբ իր ելույթում Կոնեկիին իր ամուսինն էր անվանել:
Այս տարվա ապրիլին երգչուհու ներկայացուցիչը հայտնել էր զույգի բաժանության մասին, սակայն լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, որ զույգի բաժանությունը դատական գործընթացին չի հասնի:
«Ադելն ու նրա ամուսինը բաժանվել են: Նրանք պատրաստվում են համատեղ ուժերով դաստիարակել որդուն: Ինչպես և նախկինում, նրանք խնդրում են հարգել իրենց անձնական կյանքը»,-ասել էր երգչուհու ներկայացուցիչը:














