«Հարուստները նույնպես լացում են» սերիալի աստղը հայտարարել է դերասանական կարիերայի ավարտի մասին

17:16 • 13.09.19

Մեքսիկական հեռուստասերիալների աստղ, «Հարուստները նույնպես լացում են» և «Վայրի վարդը» սերիալների գլխավոր դերասանուհի Վերոնիկա Կաստրոն հայտարարել է ստեղծագործական կարիերայի ավարտի մասին, գրում է РИА Новости-ն:

«Ես հրաժեշտ եմ տալիս նրան, ինչն այնքան սիրում էի: Այն շուրջ 53 տարի իմ մասնագիտությունն է եղել: Ես տվել եմ իմ ողջ կյանքն ու սերը: Շնորհակալ եմ ամեն ինչի համար»,- գրել է 66-ամյա դերասանուհին Instagram-ում:

Կաստրոն մեկնաբանել է, որ դերասանական կարիերան լքելու իր որոշման պատճառն «ագրեսիայի և ծաղրի» շարունակական դրսևորումներն են:

«Ես հոգնել եմ այդ չարությունից, և ինչպես արդեն մի քանի տարի է՝ կրկնում եմ՝ ես հանգիստ եմ ուզում»,- հավելել է Կաստրոն:

Դերասանուհին մասնակցություն է ունեցել բազմաթիվ հեռուստատեսային և թատերական նախագծերին: Նրան համաշխարհային ճանաչում են բերել «Հարուստները նույնպես լացում են» և «Վայրի վարդը» հեռուստասերիալները:

 

«Հարուստները նույնպես լացում են» սերիալի աստղը հայտարարել է դերասանական կարիերայի ավարտի մասին