Վալերիյ Օսիպյանն ազատվեց ոստիկանապետի պաշտոնից․ պաշտոնական

13:59 • 18.09.19

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վալերի Օսիպյանին ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին։

Համապատասխան հրամանագիրը տեղադրվել է ՀՀ նախագահի կայքում։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի.
Վալերիյ ՕՍԻՊՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից»,-ասված է հրամանագրի տեքստում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:

ՀՀ ոստիկանապետի պարտականությունները կատարելու է Ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Վալերիյ Օսիպյանն այս պաշտոնին էր նշանակվել 2018 թ. մայիսին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում այս նշանակման մասին գրել էր. «Այս որոշումը պետք է սիմվոլիկ նշանակություն ունենա, լավ սիմվոլ է, որ փորձենք այդ փշալարերի կուլտուրան Հայաստանից վերացնել»:

Ավելի վաղ Օսիպյանը Երևանի փոխոստիկանապետն էր:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարական էր տվել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը: