«Գահերի խաղ»-ից դերասան Շոն Բինը հայտարարել է, որ հոգնել է ֆիլմերում «մահանալուց» (լուսանկարներ)
Բրիտանացի դերասան Շոն Բինը, որն առավել հայտնի է «Ոսկե աչք», «Մատանիների տիրակալը», «Էքվիլիբրիում» ֆիլմերում, ինչպես նաև «Գահերի խաղը» հեռուստասերիալում կերտած դերերով, հայտարարել է, որ հոգնել է էկրաններին շարունակաբար մահանալուց, գրում է The Sun-ը:
Դերասանի խոսքով` հիմա նա հրաժարվում է այն դերերից, որոնց դեպքում կերպարը վերջում մահանում է:
«Վերջին նախագծերից մեկի ժամանակ պրոդյուսերներն ինձ ասացին, որ պատրաստվում են «սպանել ինձ», ինչին ի պատասխան ես հայտարարեցի, որ հրաժարվում եմ նման վերջաբանից: Այդ ժամանակ նրանք ասացին, որ այդ դեպքում ստիպված կլինեն «լուրջ հարվածներ հասցնել ինձ», ես պատասխանեցի, որ համաձայն եմ դրան. չէ՞ որ, միևնույն է, ողջ եմ մնալու», - ասել է Բինը:
Շոն Բինն էկրաններին «սպանվել է» 23 անգամ: Ֆիլմերի մեծամասնության դեպքում դերասանը բացասական կերպարների է մարմնավորել:
















