Խոակին Ֆենիքսը հեռացել է հարցազրույցի վայրից, երբ լրագրողը հարցրել է, թե Ջոքերի մասին պատմող նոր ֆիլմը կարո՞ղ է բռնություն սերմանել և ոգեշնչել հանդիսատեսին (լուսանկարներ)
Հոլիվուդյան դերասան Խոակին Ֆենիքսը լքել է հարցազրույցի տաղավարը, երբ լրագրողը հարցրել է, թե արդյոք դերասանը մտավախություն չունի, որ Ջոքերի մասին պատմող նոր ֆիլմը կարող է բռնություն սերմանել և ոգեշնչել հանդիսատեսին, գրում է Daily Mail-ը:
44-ամյա դերասանը, հարցն անպատասխան թողնելով, պարզապես լքել է The Telegraph պարբերականի կինոքննադատ Ռոբի Քոլինի հետ հարցազրույցի վայրը:
Կինոքննադատը դեպքից հետո գրել է, որ հարցազրույցի ընթացքում հարցրել է Խոակինին, թե արդյոք վերջինս մտավախություն չունի՞, որ իր կերպարը կարող է «ոգեշնչել մարդկանց և հանգեցնել հնարավոր աղետների»:
Հաղորդվում է, որ երկար դադարից հետո, Ֆենիքսն ասել է. «Ինչո՞ւ… ինչի՞ համար»: Ապա վեր է կացել և լքել է սենյակը:
The Telegraph-ի հաղորդմամբ՝ նա վերադարձել է Warner Bros. կինոստուդիայի մամուլի ներկայացուցչի հետ խորհրդակցելուց մեկ ժամ անց: Դերասանը բացատրել է, որ հարցը լսելով խուճապի է մատնվել, քանի որ առաջ երբևէ չէր մտածել այդ հարցի շուրջ:
Ֆիլմում Ֆենիքսը կերտում է կատակերգու Արթուր Ֆլեքին, որն անտեսված լինելով հասարակության կողմից՝ խելագարվում է՝ վերածվելով դաժան հանցագործի:
Ավելի վաղ ֆիլմի ռեժիսոր Թոդ Ֆիլիպսը հայտնել էր, որ «չափազանց զգույշ» է եղել կերպարի ստեղծման և ֆիլմում բռնության տեսարանների պատկերման հարցում:
Հիշեցնենք, որ Ջոկերի մասին պատմող նոր ֆիլմը Վենետիկի ամենամյա կինոփառատոնում արժանացել էր «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակին:
Արարողության ընթացքում ֆիլմի ռեժիսոր Թոդ Ֆիլիպսը շնորհակալություն էր հայտնել Ֆենիքսին՝ ֆիլմին բերած հաջողության համար, որն իր հետ բեմ էր բարձրացել՝ «Ոսկե առյուծը» ստանալու։
«Բոլորին է հայտնի, որ ֆիլմը համատեղ ջանքերի արտադրանք է, և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ամբողջ նկարահանող խմբին և դերասաններին։ Բայց այս ֆիլմը չէր լինի առանց Խոակին Ֆենիքսի» ,- հայտնել էր Ֆիլիպսը։













