Ռուսաստանաբնակ հայ ռեժիսորի ֆիլմը ռուսական կինովարձույթում ամենադիտելի ֆիլմերի շարքում երկրորդն է
Ֆիլմարտադրության ոլորտի լուսաբանմանը նվիրված Kinobusiness.com պորտալը հրապարակել է սեպտեմբերի 26-29-ն ընկած ժամանակահատվածում ռուսական կինոթատրոնների տոմսարկղերում հաջողություն գրանցած ֆիլմերի ցանկը:
Ըստ պորտալի տվյալների` ամենամեծ հաջողությունը ռուս կինոդիտողների շրջանում գրանցել է ռեժիսոր Ջեյմս Գրեյի «Դեպի աստղերը» ֆիլմը, որում գլխավոր դերակատարը հանրահայտ Բրեդ Փիթն է: Այն կինովարձույթում հավաքել է 204,9 միլիոն ռուբլի:
Երկրորդ տեղը զբաղեցրել է ծագումով հայ ռեժիսոր Կարեն Հովհաննիսյանի լրտեսական «Հերոսը» թրիլլերը: Նշված ֆիլմը կինովարձույթի առաջին օրերին հավաքել է 95,1 միլիոն ռուբլի: Ֆիլմում նկարահանվել են Ալեքսանդր Պետրովը, Վլադիմիր Մաշկովը, Սվետլանա Խոդչենկովան:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսաստանաբնակ հայ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ֆիլմը, որտեղ գլխավոր դերում հանդես է գալիս հայտնի դերասան Դմիտրիյ Նագիևը, ռուսական կինովարձույթում ռեկորդային արդյունք է գրանցել:











