Լոս Անջելեսում այս ամիս տեղի կունենա Ազնավուրի հիշատակին նվիրված «Շառլ» կենսագրական մյուզիքլի պրեմիերան

12:17 • 02.10.19

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի կյանքին ու գործունեությանը նվիրված կենսագրական մյուզիքլի պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերին՝ Լոս Անջելեսի The Hotel Café-ում, գրում է asbarez.com-ը:

Ամերիկաբնակ Թալին Բաբայանի հեղինակած «Շառլ» ստեղծագործությունը կյանքի է կոչվել՝ հիմնվելով հավաստի աղբյուրների վրա. ուսումնասիրվել են հայտնի շանսոնյեի չտպագրված երկու ինքնակենսագրականները: Մյուզիքլում հնչելու են շանսոնյեի ավելի քան 15 սիրված երգեր:

Մյուզիքլում ներկայացված է լեգենդար երգչի ստեղծագործական ուղին`անձնական և մասնագիտական ոլորտներում երգչի շարունակական պայքարը մինչև իր սիրելի Ֆրանսիայում և ողջ աշխարհում փառքի գագաթնակետին հայտնվելը: Մյուզիքլի հանդիսատեսը հնարավորություն կունենա Ազնավուրի հետ անցնելու նրա պայքարի ճանապարհը. շանսոնյեի հետ կսկսի երաժշտական ասպարեզում երգչի առաջին փոքր քայլերը, կպայքարի` որպես կամային մեծ հատկանիշներ ունեցող երաժիշտ և անհատականություն, որը «զենքերը վայր չէր դնում» նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների օկուպացված Ֆրանսիայում, կհաղթահարի սուր քննադատությունը, կհետևի հանրահայտ երգչուհի Էդիթ Պիաֆի և շանսոնյեի ստեղծագործական թռիչքին:

90 րոպե տևողությամբ շոուն յուրօրինակ հարգանքի տուրք է հանդիսանալու Ֆրանսիայի` երաժշտության ոսկե դարաշրջանի կարկառուն ներկայացուցչի հիշատակին` հանդիսատեսի ուշադրությունը հրավիրելով երգչի խարիզմատիկ և տպավորիչ անհատականության վրա, որը երգչի, երգահանի, դերասանի, դիվանագետի և մեծ հումանիստի կերպարների հրաշալի համադրություն է:

Մյուզիքլն ԱՄՆ-ում գործող Boundaryless Productions-ի արտադրությունն է` Թալին Բաբայանի և երաժիշտ Հարութ Սողոմոնյանի անմիջական ղեկավարությամբ: «Շառլ» մյուզիքլում երաժշտի կերպարը կմարմնավորեն ամերիկաբնակ Մորիս Սուջյանը և Բերնարդ Բայերը, իսկ Էդիթ Պիաֆի դերում հանդես կգա դերասանուհի Մարիետ Սուջյանը:

«Ազնավուրը հաջողության հասավ ոչ միայն իր ժանրում, նա հաջողեց նաև այլ ժանրերում` միևնույն ժամանակ հավատարիմ մնալով իր ձեռագրին: Ազնավուրի հետքը համաշխարհային երաժշտության մեջ անջնջելի է»,- ասել է Թալին Բաբայանը:

«Շառլ»-ի պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 12-ին` ժամը 19:00-ին, Հոլիվուդի The Hotel Café կենտրոնի բեմում:

 

Taleen Babayan's "Charles" will debut at The Hotel Café in October

 

Լոս Անջելեսում այս ամիս տեղի կունենա Ազնավուրի հիշատակին նվիրված «Շառլ» կենսագրական մյուզիքլի պրեմիերան