ՀՀ-ում աշխատուժի խնդիր կա, մարդիկ նախընտրում են գնալ ՌԴ-ում նվաստացուցիչ պայմաններով, բայց աչքից հեռու աշխատել, որովհետև մեզ մոտ քամահրանք կա բանվորի աշխատանքի նկատմամբ. վարչապետ (տեսանյութ)
«Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն. ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ աշխատանքի շուկային վերաբերող խնդիրներին:
Նա նշեց, որ ձեռնարկատերերի կողմից հստակ հարց է դրվում, որ կա աշխատուժի խնդիր, թափուր աշխատատեղեր, որոնք ձեռնարկատերերը չեն կարողանում համալրել, ընդ որում, վարչապետի խոսքով, դա վերաբերում է թե´ բարձր որակավորման, թե´ միջին և առանձնապես որակավորում չպահանջող աշխատուժին:
Փաշինյանն օրինակ բերեց «Կարաս» գինու գործարանը: ««Կարաս» գինու գործարանը խաղողի բերքը հավաքելու համար աշխատուժի լուրջ խնդիր ունի»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ եթե նախկինում մարդիկ չէին ուզում աշխատել, որ նպաստից չզրկվեն, հիմա իրենք այնպես են կարգավորել, որ առավել ևս սեզոնային աշխատուժ իրականացնելու պայմաններում քաղաքացին չի զրկվում նպաստից:
«Այստեղ էլ վարքագծային խնդիր կա: Ես մեկ վարկած նշեմ. հնարավոր է՝ սխալվում եմ: Կա այդպիսի մի դիտարկում, որ շատ քաղաքացիներ նախընտրում են, օրինակ, Ռուսաստանում աչքից հեռու անել որոշակի աշխատանք, ապրել նվաստացուցիչ պայմաններում, բայց գյուղի աչքից հեռու»,- նշեց նա:
Փաշինյանը հավելեց, որ «Կարասի» ներկայացուցիչները կապվել են մարզպետարանների հետ, ասել են, որ ավտոբուս կտրամադրեն, որ գյուղերից աշխատուժ հավաքեն և բերեն, որ բերքահավաքին մասնակցեն, բայց ապարդյուն:
Ըստ Փաշինյանի` մեզ մոտ կա աշխատանքին քամահրանքով վերաբերվելու խնդիր: «Այստեղ միայն այդ մարդիկ չեն մեղավոր, չի կարելի որևէ մասնագիտության վերաբերվել քամահրանքով: Ենթադրենք մարդը գնացել է, տաքսի է վարում, չի կարելի քամահրանքով ասել «տաքսու վարորդ»: Դա ցույց է տալիս մեր վերաբերմունքը աշխատանքին՝ բանվոր, տաքսու վարորդ... նման քամահրական վերաբերմունք կա, այդ պատճառով էլ այդ մարդիկ ուզում են աչքից հեռու լինել»,- նշեց նա:
«Իմ կարծիքով՝ սա նույնպես վարքագիծը կանխորոշող վերաբերմունք է, ես շատ հարգանքով եմ վերաբերվում աշխատանքով զբաղվող ցանկացած մարդու, որովհետև ես իմ կենսագրության մեջ բանվոր էլ եմ աշխատել և համոզված եմ՝ այստեղ ներկա շատերը ևս տարբեր աշխատանքներ են կատարել, և դա լավ է: Բոլոր դեպքերում, երբ մարդը նախընտրում է աշխատելը չաշխատելուց, դա հարգանքի արժանի վերաբերմունք է»,- շեշտեց նա:










