Հանձնարարություն չկա Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբին ռազմական գործողությունների վայր տեղափոխելու մասին. Ն. Էլբակյան

11:17 • 13.10.19

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի տեղակայման վայրն այս պահի դրությամբ չի փոխվելու, շարունակելու են առաքելություն իրականացնել Հալեպում: Այս մասին Tert.am- հետ զրույցում ասաց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք կա հանձնարարություն Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնողներին տուժածներին օգնություն ցուցաբերելու համար ռազմական գործողություների վայր տեղափոխելու մասին:

«Մեր բժիշկները Հալեպի 5 հիվանդանոցներում են աշխատում, եթե այդ հիվանդանոցներ տեղափոխեն ռազմական գործողություններից տուժածներին, բնական է՝ մերոնք բժշկական աջակցություն կցուցաբերեն: Խումբը տեղակայված է Հալեպի Մայսալուն թաղամասում, արաբական թաղամաս է, անվտանգությունը ապահովում են ռազմական ոստիկանները, խմբի կազմում սակրավորներ են ու բժիշկներ, ովքեր շարունակում են իրենց առաքելությունը իրականացնել բնականոն հոնով: Այլ հանձնարարություն այս պահին խմբին տված չէ»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ թուրքական ուժերը Սիրիայի հյուսիսային շրջանում ռազմարշավ են սկսել հոկտեմբերի 9-ին: Թուրքական բանակի ստորաբաժանումները և նրանց կողմից մարտնչող զորամիավորումները վերահսկողություն են հաստատել Սիրիայի հյուսիսում գտնվող 20 բնակավայրում:

Մի շարք երկրներ, այդ թվում՝ ԵՄ բոլոր երկրները, հանդես են եկել դատապարտող հայտարարությամբ՝ կոչ անելով Թուրքիային դադարեցնել ռազմարշավը:

Ֆինլանդիան և Գերմանիան հայտնել են, որ կասեցնում են սպառազինման մատակարարումը Թուրքիային:

Սիրիայի ԱԳՆ-ն, իր հերթին, հայտարարել է, որ սիրիական կողմը պայքարելու է թուրքական ուժերի դեմ: Թուրքիայի պաշտոնական վարկածն այն է, թե քանի որ այդ հատվածում իշխում են Քուրդիստանի բանվորական կուսակցությանը կից Քրդական ազգային ինքնապաշտպանության ուժերը, որոնք Թուրքիան համարում է ահաբեկչական, իբրև մտնում են ահաբեկիչներին մաքրելու համար: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, որ իրենք մտադիր են սահմանից 30 կմ խորանալ՝ այնտեղ բուֆերային գոտի ստեղծելու և 3-4 միլիոն սիրիացի փախստականների բնակեցնելու համար: