Ի՞նչ է հելլինիզմը, և ե՞րբ այն տարածվեց Հայաստանում. պատմական գիտությունների դոկտոր Հակոբ Հարությունյանը մեկնաբանում է (տեսանյութ)
Հունարենի տարածումը հանգեցրեց նրան, որ հայ հասարակության մտավորականության բոլոր ժամանակների լավագույն ներկայացուցիչները անպայման պետք է հունարեն իմանային, և առանց հունարենի նրանք չէին կարող շրջանցել գիտության այն բնագավառը, որով զբաղվում էին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ Հակոբ Հարությունյանը՝ խոսելով՝ հունականության, հելլենիզմի տարածման և այդ թեմայով իր մենագրությունների մասին:
«Հունարենը ժողովուրդների շրջանում սկսվեց տարածվել դեռևս մ.թ.ա. 8-6-րդ դարերում` այսպես կոչված, հունական մեծ գաղութայնացման դարաշրջանում, և հույները Միջերկրական ծովի, Սև ծովի ավազանի տարբեր շրջաններում հիմնեցին իրենց գաղութները»,- նշեց Հարությունյանը:
Ըստ նրա՝ դեռևս այդ ժամանակ հունարենը այդպիսի մեծ տարածում չստացավ, ինչը տեղի ունեցավ հետագայում`Ալեքսանդր Մակեդոնացուց հետո, և այն պատմության մեջ ընդունված է անվանել հելլինիզմի դարաշրջան: «Այն սկսվում է Մակեդոնացու արշավանքի 1-ին օրից, այսինքն` 334 թվականից մինչև հելլինիզմի ավարտը` մեր թվարկության 30 թվականը»,- ասաց նա:
Հարությունյանը ներկայացրեց, որ ցանկացած հումանիտար գիտության մեջ հունարենը չափից ավելի նշանակություն է ունեցել, սակայն մաթեմատիկայում ևս կարևոր դեր ունի: Հունականության տարածումը Հայաստան ավելի ուշ է հասել, սակայն իր մեծ նշանակությունն է ունեցել հասարակության զարգացման համար:
«Հունականությունը նույն հելլենիզմ տերմինն է, որը նշանակում է՝ նմանվում եմ հույներին: Հելլինիզմը Հայաստանում սկսեց տարածվել Արտաշես 1-ինի շնորհիվ: Բայց դժբախտաբար նրա գործունեությունն արժանվույն չի գնահատվել»,- ասաց նա:
Հարությունյանի խոսքով՝ Արտաշես 1-ին թագավորի օրոք Հայաստանում հունարենի շնորհիվ ստեղծվեց մի ժամանակահատված, որը կոչվեց բիլինգվիզմ, և ըստ նրա՝ երբ Հայաստանում արդեն հելենիզմը գոյություն չուներ, միևնույն է՝ դրանից հետո Հայաստանում շարունակում էին կազմվել հունական արձանագրություններ, որոնք կարևոր են մեր պատմության մեջ:
«Հունարենը չի մեռել, ընդհակառակը՝ հունարենը բարգավաճում է»,- ասաց նա և հավելեց, որ ներկայումս ևս Հայաստանում կան մասնագետներ, ովքեր թույլ չեն տա, որպեսզի հունարենը շրջանառությունից դուրս գա:
Մանրամասները՝ տեսանյութում:









