Նյու Յորքի իշխանությունները Թրամփի փաստաբանի բանկային հաշիվների վերաբերյալ տվյալներին հասանելիություն են ստացել. WSJ

10:37 • 15.10.19

ԱՄՆ Նյու Յորք նահանգի Հարավային շրջանի դատախազությունը նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիի բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկություններին հասանելիություն է ստացել՝ Ուկրաինայում նրա աշխատանքին վերաբերող ստուգումների շրջանակում, գրում է The Wall Street Journal-ը:

Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ քննիչները փորձում են պարզել, թե ինչ գործարքների է մասնակցել Ջուլիանին Ուկրաինայում և ում հետ է հանդիպումներ ունեցել: Իշխանությունների ներկայացուցիչներն ուսումնասիրում են նրա բանկային հաշիվների մասին տվյալները, ինչպես նաև ընթացիկ տարվա օգոստոսից հարցաքննում են վկաներին, որոնք կարող են առնչություն ունենալ գործին:

Ջուլիանին The Wall Street Journal-ի լրագրողներին հայտնել է, որ իրենց չեն տեղեկացրել հետաքննության անցկացման մասին:

«Նրանք կարող են իմ ուկրաինական բիզնեսի մասին տեղեկություններ հավաքել այնքան, որքան ուզում են»,- ասել է նա:

Հրապարակման մեջ չի նշվում, թե հատկապես ինչի համար են մեղադրում Ջուլիանիին։

Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր, որ Նյու Յորքի դաշնային դատախազությունը հետաքննություն է սկսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիի նկատմամբ, որին կասկածում են լոբբիզմի մասին օրենքները խախտելու համար:

Պարբերականը, հղում անելով աղբյուրին, նշել է, որ հետաքննությունը վերաբերում է «Ուկրաինայում Ջուլիանիի գործունեությանը և երկրում ԱՄՆ դեսպանի պաշտոնից Մարի Յովանովիչի պաշտոնանկությանը հասնելու փորձերին»: