ԱՄՆ-ում հետաքննություն են սկսել Թրամփի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիի նկատմամբ՝ լոբբիզմի մասին օրենքները խախտելու համար
Նյու Յորքի դաշնային դատախազությունը հետաքննություն է սկսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիի նկատմամբ, որին կասկածում են լոբբիզմի մասին օրենքները խախտելու մեջ, գրում է Reuters գործակալությունը:
Պարբերականը, հղում անելով աղբյուրին, նշում է, որ հետաքննությունը վերաբերում է «Ուկրաինայում Ջուլիանիի գործունեությանը և երկրում ԱՄՆ դեսպանի պաշտոնից Մարի Յովանովիչի պաշտոնանկությանը հասնելու փորձերին»:
Պարբերականների տեղեկություններով՝ հետաքննությունը սկսվել է չորեքշաբթի օրը ձեռնարկատերեր Լև Պարնասի և Իգոր Ֆրումանի ձերբակալման ֆոնին: Նյու Յորք նահանգի դատախազությունը նրանց և ևս երկու անձանց մեղադրանք է առաջադրել լոբբիստական գործունեություն ծավալելու համար: Պարնասն ու Ֆրումանը կասկածվում են Յովանովիչի պաշտոնանկությանը հասնելու փորձերում՝ ի շահ ուկրաինացի պաշտոնյայի: Նրա անունը չի հրապարակվում։
Ամերիկյան Associated Press գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ Պարնասն ու Ֆրումանը Ջուլիանիի հանձնարարությամբ փորձել են նաև Ուկրաինայում հետաքննություն սկսել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի և նրա որդու նկատմամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ում խոշոր սկանդալ էր առաջացել՝ կապված Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Թրամփի հուլիսյան հեռախոսազրույցի հետ, որն առիթ էր դարձել ԱՄՆ առաջնորդի նկատմամբ պաշտոնանկության գործընթաց սկսելու համար: Ինչպես պնդում են ԱՄՆ նախագահի քաղաքական ընդդիմախոսները՝ Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ փորձել է Զելենսկուն համոզել Ուկրաինայում Ջոզեֆ Բայդենի որդու՝ Հանթերի գործունեության հետաքննություն սկսել՝ Կիևին ֆինանսական և ռազմական օգնություն ցուցաբերելու դիմաց:










