ԵԿՄ Կենտրոն բաժանմունքի ղեկավար ընտրվեց Ռոմիկ Մխիթարյանը. մի խումբ ազատամարտիկներ բոյկոտեցին ընտրությունը և հանձնեցին ԵԿՄ անդամատոմսերը

21:29 • 25.10.19

Այսօր տեղի ունեցավ «Երկրապահ կամավորականների միության» Կենտրոն տարածքային բաժանմունքի ընդհանուր վերընտրական ժողովը: Ոչ հարթ պայմաններում Կենտրոն բաժանմունքի ղեկավար ընտրվեց մոտ 2 ամիս առաջ ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Ռոմիկ Մխիթարյանը:

ԵԿՄ Կենտրոն բաժանմունքի հիմնադիրներից «Սպանդարյան» ջոկատի մի քանի տասնյակ ազատամարտիկներ բոյկոտեցին ընտրությունը: Նրանք ոչ միայն չմասնակցեցին ընտրությանը, այլև հանձնեցին անդամատոմսերը:

Ռոմիկ Մխիթարյանը մինչ ԵԿՄ Կենտրոն տարածքային բաժանմունքի ԺՊ նշանակվելը, եղել է Շենգավիթի տարածքային բաժանմունքի պետ: Հենց սա էլ առաջացրել էր Կենտրոնի բաժանմունքի ազատամարտիկների դժգոհությունը:

«Սա Կենտրոն տարածքի ընտրություն չէր, երևի ընթացքում մարդկանց բերել են, գրանցել են որպես Կենտրոնի տարածք: Մենք էլի մնում ենք ազգի զինվոր, իսկ Ռոմիկ Մխիթարյանը մեր մարտական ընկերն է, կա ու կմնա, բայց այստեղ հարցը այլ է: Քանդված վիճակից բերել, հասցրել ենք էս վիճակին, իսկ այսօր մեր չարչարանքով ստեղծած բաժանմունքում ընտրությանը չենք մասնակցում: Էս «Սպանդարյանի» ու «Կենտրոնի» տարածքային կազմակերպությունն էր ու «Սպանդարյանի» տղերքին ընդհանրապես ոչ մի ձայն չհասավ»,- ասաց ԵԿՄ Կենտրոնի տարածքային բաժանմունքի փոխնախագահ Աշոտ Ղարիբյանը:

Չնայած մի խումբ ազատամարտիկների բոյկոտին, ընտրական ժողովը շարունակվեց և ձայների մեծամասնությամբ ԵԿՄ Կենտրոն տարածքային բաժանմունքի նախագահ ընտրվեց Ռոմիկ Մխիթարյանը: Ընտրությանը մասնակցել էր 117 հոգի, իսկ քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր 70 հոգու մասնակցություն:

Ավելի վաղ, Կենտրոն տարածքային բաժանմունքի անդամներ, որոնք բոյկոտեցին ընտրությունը, նամակ էին գրել՝ խնդրելով ընտրության օրը հետաձգել 10-15 օրով: Նրանց դիմումը, սակայն, մերժվել էր:

«Ժողովի անցկացման օրվա, ժամի, տեղի մասին մեզ պատշաճ չի տեղեկացվել: Փոփոխվել է նաև օրը. նախկինում հոկտեմբերի 26-ին՝ շաբաթ օրը, դարձել է հոկտեմբերի 25՝ ուրբաթ, ժամը 13:00-ին, որը աշխատող երկրապահների համար անհարմարություններ է ստեղծում, ուստի խնդրում և առաջարկում ենք օբյեկտիվ և արդար ընտրություն անցկացնելու նպատակով Կենտրոն բաժանմունքի ժողովը հետաձգել 10-15 օրով»,- ասված էր նամակում: