Սա քաղաքական հետապնդում է իմ և իմ ընտանիքի նկատմամբ. Մեսրոպ Մանուկյանը՝ ՀԾԿՀ-ի կողմից իր ընկերությանը 480 մլն դրամ տուգանելու մասին

22:56 • 25.10.19

«Անի» ԲԲԸ-ն այսօր՝ հոկտեմբերի 25-ին, տուգանվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից: ՀԾԿՀ-ն ընկերությանը պարտավորեցրել է վճարել 480 մլն դրամ:

«Անի» ընկերությանն է պատկանում Ախուրյան գետի ափին գտնվող ոռոգման ջրատարի վրա կառուցված «Ջրաձոր» փոքր հիդրոէլեկտրակայանը:

«Տուգանում են, որ 6 կմ ջրանցքը տրամադրել են մեզ, չեն տրամադրել 16 մետրը: Կառավարության որոշմամբ է ջրանցքի 6 կմ հատվածը տրամադրվել մեզ, հիմա իրենք ասում են՝ չափագրել են, տեսել ենք, որ 16 մետրը ձերը չէ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, «Անի» ԲԲԸ սեփականատեր Մեսրոպ Մանուկյանը:

Սեփականատերը ընկերության դեմ իրականացվող գործողությունները պայմանավորում է իր քաղաքական հայացքներով, իր կենսագրությամբ:

«Սա ոչ ավելին է, քան քաղաքական հետապնդում իմ և իմ ընտանիքի նկատմամբ: Այն պաթոսը, որ հանրային շահ ենք պաշտպանում, դա փուչիկ է, որը փչել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Մի պարագայում ոտնահարում է սպառողի շահը, մյուս պարագայում ուզում է հիմնավորել, որ սպառողի շահ կա: ՀԾԿՀ-ն թքած ունի 4 հիմնավոր կետերի վրա, որոնք մենք ներկայացրել ենք, որ իրենց վարչական վարույթը իրավաչափ չէ»,- ասաց Մեսրոպ Մանուկյանը:

Նա նաև հայտնեց, որ պատրաստվում է ՀԾԿՀ որոշումը վիճարկել դատարանում. «Պահանջելու ենք, որ ՀԾԿՀ այս որոշումը իրավաչափ չճանաչվի»:

«Անի» ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի հուլիսի 15-ի և 2019 թվականի մայիսի 29-ի որոշումներում փոփոխություններ կատարելու և «Ջրաձոր» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքված էլեկտրական էներգիայի դիմաց կատարված ավել վճարումների վերադարձի մասին որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ: