Միջատաբանները բզեզի նոր տեսակն անվանել են ի պատիվ բնապահպան Գրետա Տունբերգի

23:11 • 25.10.19

Բոլորովին վերջերս միջատաբանների կողմից հայտնաբերված ամենափոքր բզեզներից մեկը ստացել է շվեդ աշակերտուհի և բնապահպան Գրետա Տունբերգի անունը, գրում է BBC-ն։

«Նոր տեսակը պատկանում է Ptiliidae բզեզների ընտանիքին։ Չնայած նման բզեզները տարածված են ամենուր, նրանց քիչ են ուսումնասիրում իրենց փոքրիկ չափերի պատճառով։ Թանգարանի գիտաշխատող Մայքլ Դարբին որոշել է նշանավորել Գրետա Թունբերգի վաստակը՝ բզեզի նոր տեսակը նրա պատվին անվանելով»,- ասված է հայտարարությունում։

Հաղորդվում է, որ նոր հայտնաբերված բզեզները սովորաբար ունենում են դեղին կամ ոսկեգույն երանգ․ նրանք չունեն աչքեր և թևեր։

Դարբին հավելել է, որ բզեզը Գրետայի պատվին է անվանվել ոչ թե փոքր չափերի, այլ այն պատճառով, որ աղջիկը պայքարում է հենց հանուն բնության։ «Ես լավ գիտեմ, որ դու փոքր չես ինչ-որ բան փոխելու համար»,- հայտնել է գիտնականը։ 

Հիշեցնենք, որ 16-ամյա Գրետա Տունբերգը համաշխարհային էկոլոգիական շարժման առաջնորդն էր դարձել ՄԱԿ-ի կլիմայի հարցերին նվիրված գագաթնաժողովում իր ելույթից հետո, որի ժամանակ մեղադրել էր երկրների ղեկավարներին և պաշտոնյաներին՝ կլիմայական ճգնաժամը կանխելու համար անհրաժեշտ քայլեր չձեռնարկելու և գիտական փաստերն արհամարհելու համար, որոնք հաստատում են վերահաս էկոլոգիական աղետը:

«Ձեր դատարկ խոսքերով դուք գողացել եք իմ երազանքներն ու իմ մանկությունը: Մարդիկ տառապում են, մարդիկ մահանում են, էկոհամակարգերը ոչնչացվում են: Մենք զանգվածային ոչնչացման շեմին ենք, իսկ դուք միայն կարող եք խոսել փողերի և հավերժական տնտեսական աճի վերաբերյալ հեքիաթների մասին: Ինչպե՞ս եք համարձակվում»,- հայտնել էր դեռահաս ակտիվիստը: