«Բոլոր առաջնորդներին կոչ եմ անում ականջ դնել մարդկանց խնդիրներին». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել աշխարհով մեկ տարածվող բողոքի ալիքի առնչությամբ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգություն է հայտնել աշխարհով մեկ տարածվող բողոքի ալիքի հետ կապված և երկրների ղեկավարներին կոչ է արել ականջալուր լինել մարդկանց կարիքներին, գրում է korrespondent.net-ը:
«Մենք վկան ենք ամբողջ աշխարհով՝ Մերձավոր Արևելքից մինչև Լատինական Ամերիկա, Եվրոպայից Ասիա ձգվող բողոքի ալիքի: Աշխարհի բոլոր ղեկավարներին կոչ եմ անում ականջ դնել իրական մարդկանց իրական խնդիրներին: Իշխանությունները նաև պետք է ապահովեն մարդկանց՝ ինքնարտահայտման և խաղաղ բողոքի ցույցեր անցկացնելու իրավունքի իրականացումը»,- ասել է Գուտերեշը:
Նա նաև նշել է, որ մարդիկ տարբեր պատճառներով են փողոցներ դուրս գալիս, սակայն բողոքի բոլոր ցույցերը մի ընդհանուր բան ունեն. մարդկանց և քաղաքական վերնախավի միջև անվստահությունն ակնհայտորեն աճում է:
«Նույնիսկ այն երկրներում, որտեղ մարդիկ բողոքի ցույցեր չեն անում, մարդկանց համար հեշտ չէ, և նրանք ցանկանում են լսելի լինել: Մարդիկ ուզում են, որ իրենց իրավունքները չոտնահարվեն, որպեսզի որոշումներ ընդունելիս իրենց կարծիքի հետ հաշվի նստեն»,- հավելել է Գուտերեշը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին Բաղդադում բողոքի ցույցեր են սկսվել: Ցույցեր են սկսվել ոչ միայն Իրաքի մայրաքաղաքում, այլ նաև մի քանի նահանգներում: Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը, ինչպես նաև կրթության, առողջապահության ոլորտում, աշխատաշուկայում առկա խնդիրների լուծում և կոռուպցիայի դեմ պայքար:









