Զիմբաբվեում 11-ամյա աղջիկը ցատկել է կոկորդիլոսի գլխին, վնասել նրա աչքերը՝ փրկելով ընկերուհու կյանքը

12:33 • 31.10.19

Զիմբաբվեում 11-ամյա աղջիկն արել է այն, ինչ չափահաս մարդկանցից շատերն ի զորու չէին լինի անել. նա, կոկորդիլոսի գլխին ցատկելով, փրկել է ընկերուհու կյանքը, գրում է Daily Mail-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Ռեբեկա Մունկոմբվե անունով աղջնակը վազել է մոտակա գետը, երբ լսել է իր 9-ամյա ընկերուհու՝ Լատոյա Մուվանի օգնության կանչերը, որին կոկորդիլոսը փորձել է ջուրը քարշ տալ:

«Գետից նոր էինք հեռացել, երբ լսեցինք Լատոյայի օգնության կանչը, որը լողում էր գետի ափին: Քանի որ յոթ երեխաներից ավագն էի, նրան փրկելու պարտավորություն զգացի»,- հայտնել է Ռեբեկան:

Աղբյուրի հաղորդմամբ՝ աղջիկը ցատկել է ջուրը, բարձրացել է կոկորդիլոսի վրա և փորձել է վնասել կենդանու աչքերը, ինչի արդյունքում կոկորդիլոսը բաց է թողել Լատոյային:

«Երբ նա արդեն ազատ էր, նրա հետ լողացի մինչև գետի ափը, որտեղ մյուս երեխաները նրան ջրից դուրս բերեցին: Բարեբախտաբար, կոկորդիլոսը Լատոյային բաց թողնելուց հետո այլևս չհարձակվեց մեզ վրա»,- ասել է Ռեբեկան: