Գերբեռնված դպրոցների թիվը կրճատվել է մոտ 50, թերբեռնվածներինը՝ 60 տոկոսով

13:07 • 31.10.19

Դպրոցներում էլեկտրոնային գրանցման համակարգի ներդրման շնորհիվ գերբեռնված դպրոցների թիվը կրճատվել է մոտ 50, իսկ թերբեռնվածների թիվը՝ 60 տոկոսով: Այդ մասին կառավարության նիստում նշեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ դպրոցն իր լիցենզիայից ավելի չի կարողանում աշակերտ ընդունել:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ այս ոլորտում կամային որոշում են կայացրել ու այս դրական փորձը Հայաստանի մյուս քաղաքների ու համայնքների վրա էլ են տարածելու:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Դրա համար էլ աղմուկ-աղաղակ էր այդ համակարգի ներդրման ժամանակ: Այսինքն՝ այնպիսի ոլորտներում մենաշնորհներ ունենք, որ նույնիսկ դժվար է պատկերացնել: Որ ներկրման ոլորտում մենաշնորհներ կային, դա պարզ էր, բայց որ դպրոցներում էլ մենաշնորհներ կան, դա խնդիր է»: