Որևէ մեկից, որևէ թիմից կախում չունեմ, իրականացնելու եմ պետական կառավարումը մարզում. Վայոց Ձորի նորանշանակ մարզպետ (տեսանյութ)

13:03 • 31.10.19

Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի հրաժարականը ձևական բնույթ չի կրում. այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Վայոց Ձորի նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին՝ մարզպետը հրաժարական տվեց համազգեստով ՊՆ փոխգնդապետին ծեծելու միջադեպից հետո, արդյոք ձևական չէր հրաժարականը, մանավանդ, որ հիմա Գրիգորյանն է նշանակվել, որն այն խորհրդականի փաստաբանն է, որը ներգրավված է այս գործում որպես կասկածյալ:

Նորանշանակ մարզպետը հայտարարեց, որ թեև փաստաբանական գործունեություն իրականացնելիս առնչվել է նախկին մարզպետի հետ, դա իր գործունեությանը որպես մարզպետ չի կարող խոչընդոտել: «Եթե այդ հանգամանքը խոչընդոտ լիներ, ապա կարող ենք մտածել, որ մեր երկրում յուրաքանչյուր փաստաբան, բացի փաստաբանական գործունեություն իրականացնելուց, այլ գործունեություն չի կարող իրականացնել»,- ասաց նա:

Հարցին՝ շարունակելո՞ւ է պաշտպանել նախկին մարզպետի խորհրդականին, նա պատասխանեց. «Իհարկե ոչ, որովհետև իմ աշխատանքային բնույթն արդեն անհամատեղելի է լինելու այդ աշխատանքի հետ: Շուտով ներկայացնելու եմ դիմումը Փաստաբանների պալատ, որ իմ արտոնությունը կասեցնեն»:

Արարատ Գրիգորյանը տեղեկացրեց, որ թեև մարզում չի ապրում, բայց մարզի բոլոր խնդիրներին ծանոթացել է մամուլի հրապարակումներից, ծանոթ է նաև մարզի փաստացի իրավիճակին: Միևնույն ժամանակ նա նշեց, որ մարզում է բնակվելու պաշտոնը ստանձնելուց հետո:

Հարցին՝ իրեն նախկին մարզպետի թիմակից կարելի՞ է համարել, Գրիգորյանը պատասխանեց, որ ինքն անկուսակցական է և չի հասկանում՝ ինչ նկատի ունի լրագրողը՝ թիմակից ասելով:

«Ես մարզպետի պաշտոնում աշխատելու եմ անկաշկանդ ու անաչառ: Որևէ մեկից, որևէ թիմից կախում չունեմ, իրականացնելու եմ պետական կառավարումը մարզում»,- ասաց նա:

Իսկ թե ինչ քայլից է սկսելու գործունեությունը, նորանշանակ մարզպետն ասաց, որ նախևառաջ հրատապ ինտեգրվելու է աշխատանքային գործունեությանը:

Հարցին՝ ով է միջնորդել, որ իրեն նշանակեն այս պաշտոնին, նա նշեց, որ իր համար ոչ ոք չի միջնորդել, չեն երաշխավորել, անձամբ վարչապետին չի ճանաչում: «Երևի նշանակել են՝ ելնելով իմ այսքան տարիների աշխատանքային գործունեությունից, դրանք իմ ենթադրություններն են: Բնական է՝ պարոն Պապիկյանը պետք է ներկայացներ, նախարարի հետ ունեցել եմ զրույց, իմ ունեցած մոտեցումներն եմ ներկայացրել, ենթադրում եմ, որ արժանացել է հավանության»,- ասաց նա և վստահեցրեց, որ նախարար Սուրեն Պապիկյանին էլ նախկինում չի ճանաչել:

Նա նաև տեղեկացրեց, որ նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի հետ է պատրաստվում հանդիպել առաջիկա ժամերին:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու է մասնավոր ոլորտը թողել և անցել պետական ոլորտում աշխատանքի, չէ որ ֆինանսն ավելի քիչ է, նա պատասխանեց. «Չեմ կարծում, որ պետական պաշտոնի անցնելիս պաշտոնյաները ֆինանսի մասին են մտածում կամ մտածում են ֆինանսական բարելավման մասին: Օրինակ՝ ինձ համար ավելի կարևոր է, որ իմ գործողության արդյունքում մարզի բնակիչների կյանքն ավելի բարելավվի, այսինքն` ավելի կարևոր հարցեր կան»:

Մանրամասները՝ տեսանյութում: