«Ժողովուրդ». «ՀուԶանք ու Զանգ»-ի «զնգզնգոցը»․ աղմկահարույց ներկայացման հետքերով  

09:19 • 05.11.19

 

«Նոյեմբերի 2-ին Հանրապետության հրապարակում ներկայացվեց գերմանացի արվեստագետ Լինդա Նադջիի բեմադրած «ՀուԶանք ու Զանգ» պիեսը, ինչը հասարակական-քաղաքական լայն շրջանում պարզապես փոթորիկ է առաջացրել: Պարն ու պոեզիայի ռիթմը մեկտեղող նախագծի մասնակիցների ու քաղաքացիների միջև քաշքշուկ եղավ: Նարեկ Սարգսյան անունով երիտասարդը փորձեց անգամ «զելյոնկա» լցնել ներկայացման մասնակիցների վրա` պնդելով, թե նրանք սատանիստներ են:

Կուլմինացիան վրա հասավ, երբ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացրին, թե այս «ՀուԶանք ու Զանգ» նախագծին 2,7 միլիոն դրամ է հատկացվել: Հայ հանրության շրջանում արդեն ստորագրահավաք է սկսվել, որով պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

Ֆրունզի` Մհեր Մկրտչյանի եղբորորդի, կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը դիմել է «ամենանախարար» Արայիկ Հարությունյանին` շեշտելով` մենք ունեինք արժեքներ, բայց շատ արագ սկսում ենք կորցնել: «Է՞ս է Ձեր ժամանակակից արվեստը, պարո՛ն նախարար… Ես լռել եմ, քանի դեռ կեղտից հեռու մնալը համարել եմ ինձ համար ավելի արժանապատիվ… Բայց հիմա արդեն Դուք Ձեր պաշտոնում վտանգավոր եք մեր ազգի համար: Հուսամ` նախարարի պաշտոնից չվախեցող արվեստագետների թիվը կավելանա, և մի օր ես կտեսնեմ Ձեր հրաժարականը»:

Լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի խոսքով. «Երբ թատրոնը բացակա է քաղաքում, ապա շոումենները, ծտերը, ռաբիսը, քաղաքական այր ու տիրումայրերը մեկ-մեկ ներկայանում են»: Նախարարից այլ մտավորականներ էլ են դժգոհել:

ՀՅԴ երիտասարդական թևն է նրանից հրաժարական պահանջել` մինչև հինգշաբթի ժամանակ տալով: Նախարար Հարությունյանն ինքը չի պատրաստվում հրաժարվել պաշտոնից: ԶԼՄ-ներին ասել է. «Նման հարց օրակարգում չկա»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: