Քաղաքացին ահազանգում է՝ ավերել են Հայաստանի գինեգործական մշակույթի վառ օրինակներից մեկը. ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է` այդ վայրում հաշվառված հուշարձան իրենց ցանկերում չկա (լուսանկարներ)

13:27 • 16.11.19

«Հենց նոր ահազանգ ստացա Դալմայի այգեգործներից, որ այս հնձանը քանդվում է:
«Այդպես է կարգադրված». պատասխանել են այգեգործներին: Ուղղակի հիշեցնեմ, որ 16-17-րդ դարերի էին»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է օգտատեր Մերի Չաքրյան և հրապարակել է լուսանկարներ:

Ավելի ուշ Մերի Չաքրյանը շնորհակալություն է հայտնել «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանին արձագանքի համար, սակայն արձանագրել են, որ Հայաստանի գինեգործության մշակույթի վառ օրինակներից մեկն արդեն ավերակ է։

«Այն միտումնավոր չի ներառվել տվյալ տարածքի ՇՄԱԳ-ում, ու ես արդեն հույս էլ չունեմ, որ քանդողը, կամ այն չինովնիկները, որ պարտավոր էին ապահովել պահպանությունը, կպատժվեն անգործության համար։ Վաղն առավոտյան հետքերն էլ կվերացվեն ու վերջ, չի էլ եղել»,-գրել է օգտատերը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանն էլ, արձագանքելով ահազանգին, նշել է.«Ի պատասխան մամուլում տարածված տեղեկության, թե Դալմայի այգիների տարածքում քանդվել է պատմական շինություն, հայտնում ենք, որ ըստ նախնական տեղեկության` այդ վայրում հաշվառված հուշարձան մեր ցանկերում չկա: Վաղը մասնագետները տեղում կուսումնասիրեն բարձրացված հարցը: Լրացուցիչ կտեղեկացնենք»:

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն էլ, անդրադառնալով ահազանգին, Ֆեյսբուքում գրել է. «Առավոտյան գնացինք Դալմայի այգիներ՝ պարզելու երեկվա ահազանգի հանգամանքները։

Տարածքում առնվազն 3-4 հնձան կա, որ մասնագետները թվագրում են 18-19 դարերով։ Դրանցից ամենալավ պահպանվածը հիմա էլ կանգուն է։ Ցավոք սրտի, երեկ քանդվել է կառուցապատողի տարածքում գտնվող հնձաններից մեկը։

Պատճառը թերևս այն է, որ պետությունը տարիներ շարունակ հրաժարվել է այն ներառել պատմաճարտարապետական հուշարձանների ցանկում, իսկ օտարման ժամանակ կառուցապատողը չի զգուշացվել, որ տարածքում արժեքավոր կառույցներ կան։

Եվս առնվազն 2-3 կիսավեր հնձաններ կան։ Կարծում եմ՝ դրանք ամուր իրավական պաշտպանության կարիք ունեն, անկախ ճարտարապետական արժանիքներից, դրանք Երևանի պատմության վկայությունն են»։

Ավելի ուշ ԿԳՄՍ նախարարությունը տարածեց պարզաբանում՝ Դալմայի այգու տարածքում քանդված հուշարձանի վերաբերյալ, որում, մասնավորապես ասվում է , որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մասնագետները ս.թ. նոյեմբերի 16-ի առավոտյան այցելել են Դայմայի այգիների ավերված շինության տարածք, տեղի են ունեցել աշխատանքային քննարկումներ ոլորտի մասնագետների և կառուցապատող կազմակերպության ներկայացուցիչների միջև, ուսումնասիրել են պատմամշակութային հնարավոր արժեք ներկայացնող այլ շինություններ:

Ավերված հնձանը ժամանակին չի ընդգրկվել «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2004թ. հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշմամբ սահմանված ցանկում:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը դեռևս 2016թ. ՀՀ մշակույթի նախարարություն է ներկայացրել այդ տարածքում գտնվող ուշ միջնադարյան պատմաճարտարապետական կառույց հանդիսացող մեկ այլ հուշարձանի վերաբերյալ տեղեկատվություն՝ նշելով կառույցի կարևորությունը Երևան քաղաքի պատմության ամբողջացման համատեքստում, սակայն այն կրկին չի ստացել նորահայտ հուշարձանի կարգավիճակ:

ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին հանձնարարվել է հրատապ կարգով ստեղծել արշավախումբ՝ տեղում ուսումնասիրություններ կատարելու, պատմամշակության արժեք ներկայացնող առկա շինություններն արձանագրելու և իր գործառույթների շրջանակում ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ անհրաժեշտ գործողություններ իրականացնելու համար:

Կառուցապատողը պատրաստակամություն է հայտնել համագործակցել սույն հարցով պատկան մարմինների հետ, տրամադրվել են անհրաժեշտ փաստաթղթերը:

Արշավախմբի կողմից իրականացված աշխատանքների արդյունքներն ամփոփելուց հետո կներկայացվի հավելյալ տեղեկատվություն: