Անգլիայի Բոլթոնի համալսարանի ուսանողական հանրակացարանում հրդեհ է բռնկվել, տարհանվել են հարյուրավոր ուսանողներ (տեսանյութ, լուսանկարներ)
Անցած գիշեր Անգլիայի Բոլթոնի համալսարանի շքեղ ուսանողական հանրակացարանի շենքում հրդեհ է բռնկվել և արագորեն պատել շենքի արտաքին հատվածը, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը:
Երեկոյան ժամը 20:50-ի սահմաններում՝ մինչ վերջին հարկում պայթյունի գրանցվելը, ուսանողները տարհանվել են, դեպքի վայր են ժամանել հրշեջ մեքենաներ` կանխելու կրակի տարածումը:
Հրշեջները վերամբարձիչով փորձել են հանգցնել կրակը: Ինչպես ականատեսներն են վկայում, կրակը կարծես սողալով բարձրանում էր շենքի արտաքին մասով:
Արտակարգ իրավիճակների ծառայությունը զոհերի կամ տուժածների մասին որևէ տեղեկություն չի հաստատել:
Մի շարք ականատեսներ սոցցանցերի իրենց էջերում հրդեհից տեսանյութեր և լուսանկարներ են հրապարակել` կիսվելով տեսածի մասին մեկնաբանություններով ու տպավորություններով:
Ականատեսներից մեկի խեսքով` կրակն ավելի է ուժգնացել ուժեղ քամու պատճառով: Մյուսն էլ նշում է, որ մոտավորապես 50-100 ուսանող է տարհանվել, որոնք սարսափահար տեսք են ունեցել:













