Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել Փարիզում ցուցարարներին ցրելու համար
Ոստիկանությունն արդյունքաբեր գազ է կիրառել Փարիզի Իտալիայի հրապարակում «դեղին բաճկոններ» շարժման ցուցարարներին ցրելու համար: Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ֆրանսիական աղբյուրին, ոստիկանները նաև ջրցան մեքենաներ են կիրառել:
Նշվում է, որ Փարիզի այդ շրջանում հարյուրավոր մարդիկ են ցույցի դուրս եկել: Հրապարակի մոտակայքում բավականին լարված իրավիճակ է տիրում: Ցուցարարներն այրել են շինարարական աղբից հավաքված արգելապատնեշները, կոտրել են բանկերից մեկի ցուցափեղկը, այրել են մայրաքաղաքի քաղաքապետարանին պատկանող մեքենան, ևս մեկը շուռ են տվել:
Ոստիկանության վերջին տվյալներով՝ իրավապահ մարմինները կեսօրին արդեն 41 ցուցարարի էին բերման ենթարկել, որոնցից 11-ը կալանքի տակ են առնվել: Իրավիճակը Փարիզի մյուս շրջաններում, ինչպես նաև այլ քաղաքներում հանգիստ է:
Այսօր Ֆրանսիայում անցկացվում է «դեղին բաճկոնների» 53-րդ համազգային ցույցերի օրը: Բողոքի ակցիաներ են անցկացվում նաև Բորդոյում, Լիլում, Մարսելում, Նանտում, Թուլուզում: Մեկ տարի առաջ՝ 2018-ի նոյեմբերի17-ին տեղի էր ունեցել առաջին խոշորամասշտաբ ցույցը՝ ընդդեմ վառելիքի գնի թանկացման: Այժմ համազգային շարժման մասնակիցները տարատեսակ սոցիալ-տնտեսական պահանջներ են ներկայացնում:









