Սրտանոթային խնդիրների պատճառով հոսպիտալացվել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը սրտանոթային խնդիրների պատճառով հոսպիտալացվել է:
«Սերբիայի նախագահի գլխավոր քարտուղարությունը հայտնում է հանրությանը, որ նախագահ Ալեքսանդր Վուչիչը նոյեմբերի 15-ի ուշ երեկոյան սրտանոթային խնդիրների պատճառով բուժման է անցել Ռազմաբժշկական ակադեմիայում»,- ասվում է Սերբիայի նախագահի predsednik.rs պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Ալեքսանդր Վուչիչը 49 տարեկան է, քաղաքական կարիերան սկսել է 1993 թվականին` մտնելով Սերբական ծայրահեղական կուսակցություն և Սերբիայի խորհրդարանի պատգամավոր ընտրվել:
1998 թվականին Միրկո Մարյանովիչի` ազգային միաբանության կառավարությունում նշանակվել է տեղեկատվության նախարար:
Վուչիչը մի քանի անգամ ընտրվել է որպես Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, երկու անգամ մասնակցել է Բելգրադի քաղաքապետի ընտրություններին:
2012 թվականից աշխատել է Սերբիայի կառավարությունում` ստանձնելով պաշտպանության նախարարի, կոռուպցիայի և հանցավորության դեմ պայքարի գծով փոխվարչապետի, այնուհետև վարչապետի պաշտոնը:
Սերբիայի նախագահի պաշտոնը Վուչիչը զբաղեցնում է 2017 թվականից:









