«Թուրքիան մտադիր է օգտագործել Ռուսաստանից գնված C-400 համակարգերը՝ չնայած ԱՄՆ-ի սպառնալիքներին». Իսմայիլ Դեմիր

15:04 • 16.11.19

Թուրքիան մտադիր է օգտագործել Ռուսաստանից գնած C-400 հակաօդային պաշտպանության համակարգերը՝ չնայած ԱՄՆ-ի՝ պատժամիջոցների մասին սպառնալիքներին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրը, գրում է CNN Turk լրատվականը:

«Անտրամաբանական է գնել C-400 համակարգեր և չօգտագործել դրանք: Դրանք որևէ վնաս չեն կարող հասցնել ՆԱՏՕ-ին»,- հայտարարել է Դեմիրը:

Նա հավելել է, որ Թուրքիան ձգտում է լուծել տարաձայնություններն ԱՄՆ-ի հետ, այդ իսկ պատճառով պատրաստ է ԱՄՆ-ից իր համար ձեռնտու պայմաններով գնել Patriot համակարգերը և օգտագործել դրանք ռուսական զինատեսակներին զուգահեռ:

Թուրքիայի կողմից ռուսական համակարգի գնումը ճգնաժամ է առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում: Վաշինգտոնը պահանջել էր Անկարայից հրաժարվել գործարքից և գնել ամերիկյան Patriot համակարգերը՝ հակառակ դեպքում սպառնալով Թուրքիային չվաճառել F-35 նորագույն կործանիչները և պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ: Անկարան հրաժարվել էր զիջումների գնալ: