Սկսել են շահարկել Կոտայքում տեղի ունեցած ողբերգական պատահարը` երեխաների մահվան մեջ մեղադրելով ինձ. Զ. Բաթոյան

11:17 • 17.11.19

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Կոտայի մարզում երեկ տեղի ունեցած ողբերգական պատահարի մասին՝ նշելով, որ դրանում սկսել են իրեն մեղադրել։ Նախարարը գրել է. 

«Արդեն սկսել են շահարկել Կոտայքի մարզում ժամեր առաջ հայտնի դարձած ողբերգական պատահարը` երեխաների մահվան մեջ մեղադրելով ինձ, քանի որ նրանցից երկուսը՝ 15 և 14 տարեկան քույր ու եղբայրը գիշերօթիկի սան են եղել: Նրանք (ինչպես մինչ այս բոլոր շաբաթ-կիրակիները) ապրել են տատիկի հետ:

Ըստ նախնական տեղեկությունների` նրանք մահացել են խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազից:

Ծնողները ամուսնալուծվել ու մեկնել են երկրից, տատիկը և 4 թոռնիկներն ընդգրկված են եղել սոցիալական ծրագրերում, մասնագիտական ուսուցման ծրագրեր են նախատեսվել եղբոր համար, երեխաները դեռևս սեպտեմբերից վերադարձել են ընտանիք և ապրել են իրենց օրինական խնամակալի՝ տատիկի հետ, ով սիրել և հոգ է տարել նրանց մասին:

Մեծ ցավ եմ ապրում պատահածի համար: Եթե որևէ մեկը, այդ թվում` նախարարությունը և ես անձամբ, մեղավոր է այս դժբախտ պատահարի համար, իրավապահ մարմինները պետք է անկաշկանդ գործեն:

Իսկ երեխաների հետ կատարված նման դեպքը շահարկողների բարոյական նկարագիրը թողնում եմ ձեզ:

Զգույշ եղեք և հետևեք անվտանգության կանոններին»:


Հիշեցնենք, որ Նոր-Հաճնում՝ իրենց բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ և նրա 4 թոռնիկների դիերը, նրանք թունավորվել են շմոլ գազից։