Չինաստանում գրանցվել է թոքային ժանտախտով հիվանդանալու երրորդ դեպքը

17:55 • 17.11.19

Չինաստանի հյուսիսում գտնվող Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանի իշխանությունները հաստատել են թոքային ժանտախտով մարդու հիվանդացության ևս մեկ դեպքի մասին լուրը, որը երրորդն է երկրում:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով ինքնավար շրջանի առողջապահության նախարարությանը, հիվանդության դեպքն արձանագրվել է նոյեմբերի 16-ին` 55-ամյա տղամարդու մոտ: Նրան հոսպիտալացրել են բարձր ջերմաստիճանով, որից հետո բժիշկները թոքային ժանտախտ են ախտորոշել:

Ներկա պահին տղամարդը մեկուսացված է և բուժում է ստանում: 28 մարդ, որոնք նրա հետ սերտ շփում են ունեցել, գտնվում են բժիշկների վերահսկողության տակ:  

Գերատեսչությունից հայտնել են, որ հիվանդը նոյեմբերի 5-ին սննդի մեջ վայրի նապաստակի միս է օգտագործել: Նախորդ երկու դեպքերը գրանցվել են նոյեմբերի 12-ին` Պեկինում:

Թոքային ժանտախտը մարդկանց փոխանցվում է կենդանիներից, հիմնականում՝ կրծողներից: Դա տեղի է ունենում կծելու հետևանքով: Հնարավոր է մարդուց վարակվել անձնական շփման դեպքում: Հիվանդությունը բուժվում է հակաբիոտիկ միջոցներով, կանխարգելման նպատակով պատվաստում է կատարվում: