Մեկնարկեց More for Metsamor կրթական նախագիծը

19:48 • 21.11.19

«Ռոսատոմ» պետական կորպորացիան Մեծամորի 2-րդ ավագ դպրոցում ներկայացրեց More for Metsamor կրթական նախագիծը: Ծրագիրն ուղղված է ժամանակակից կրթական ձևաչափերի հասանելիության կազմակերպմանը և նպատակ ունի դպրոցը վերածել քաղաքի համար կրթական հանգույցի:

«Մենք շատ ուրախ ենք, որ նախագիծը մեկնարկում է հենց մեր ուսումնական հաստատությունում: Համոզված եմ, որ մեր գործընկերների հետ գործակցության շնորհիվ ծրագիրը կնպաստի դպրոցում կրթական նոր հնարավորությունների ձևավորմանը` աշակերտների նորարարական մտածողությունը և նոր գիտելիքներ ձեռք բերելու ցանկությունը զարգացնելու համար»,- ասել է Մեծամորի 2-րդ ավագ դպրոցի տնօրեն Մայիս Նիկողոսյանը:

Ծրագրի շրջանակում կես տարվա ընթացքում հանդիպումներ կանցկացվեն Հայաստանի և Ռուսաստանի նշանավոր մարդկանց հետ, որոնք Մեծամորի երիտասարդությանը կներկայացնեն իրենց հաջողության պատմությունները և մասնագիտության մեջ կայանալու սեփական փորձը: Կկազմակերպվեն նաև ուսումնական ճամփորդություններ Հայաստանի տարածքում, որոնք, անկասկած, հետաքրքիր ու օգտակար կլինեն երիտասարդների համար:

«Մերօրյա սերունդը կարող է քայլեր անել ինովացիոն աշխարհում, առաջ տանել գաղափարներ և դա անել այսօր՝ չսպասելով մասնագիտական հմտությունների ձեռքբերմանը: Յուրաքանչյուր բնակավայր կզարգանա, երբ կա երազանք, գաղափար և սեր: Անհնար ոչինչ չկա, եթե գաղափարներն ի նպաստ համայնքի, միջավայրի և երկրի զարգացման են: Ժամանակակից կրթության համակարգը կենտրոնացած է ոչ այնքան դասագրքերից տեսական գիտելիքներ ձեռք բերելու վրա, այլ՝ տրամաբանական, համակարգային մտածողության, թիմային աշխատանքի, ուսումնական գործընթացում ժամանակակից տեխնոլոգիաների ու նորարարությունների ներառման միջոցով գործնական հմտությունների ձեռքբերման: Մեր կարծիքով՝ More for Metsamor նախագիծը լավ հնարավորություն է նման հմտություններ ձեռք բերելու համար: Հույս ունեմ՝ ծրագիրն ավելի կընդլայնվի, և կտարածվի այլ բնակավայրերում»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը:

More for Metsamor-ի կարևոր փուլը գաղափարների մրցույթի շրջանակում դպրոցականներին իրենց նախագծերը ներկայացնելու հնարավորություն ընձեռելն է. դպրոցի առօրյան կարգավորող հարթակից մինչև դպրոցում արվեստի բոլոր ճյուղերի համար նախատեսված սենյակ:

Հանդիպման ժամանակ դպրոցի աշակերտները ներկայացրին իրենց գաղափարները: Հաղթող նախագիծը կընտրվի 2020թ. քվեարկության եղանակով և կյանքի կկոչվի «Ռոսատոմի» աջակցությամբ:

«Ռոսատոմը» գիտելիքների կորպորացիա է, մենք միշտ կիրագործենք և միշտ կաջակցենք այնպիսի նախագծերի, որոնք ապագա մասնագետներին կտան զարգանալու հնարավորություն, քանի որ հենց նրանք են մշակելու և ներդնելու նոր տեխնոլոգիաներ և նորարարություններ՝ նպաստելով տեխնոլոգիական առաջընթացին: Ընկերության հիմնական կապիտալը մարդն է, և հենց այդ պատճառով «Ռոսատոմը» աջակցում է այնպիսի ծրագրերի, որոնք բարելավում են մարդկանց կյանքի որակը»,- նշել է ռուսական կողմից Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման նախագծի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն:

Ծրագրի մեկնարկին մասնակցել են Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը, ռուսական կողմից Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման նախագծի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն, «Հայաստանի էներգետիկական գործակալության» հիմնադրամի ատոմային էներգետիկայի բնագավառում նախագծերի ղեկավար Արտեմ Պետրոսյանը, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը, դպրոցի տնօրինությունը, ՀԱԷԿ-ի աշխատակիցները, ոլորտի փորձագետները:

«Նման միջոցառումների համար շնորհակալ եմ: Եթե չեմ սխալվում, Մեծամորի դպրոցն այս ծրագրի առաջին օրինակն է: Հաճելի զարմացած եմ երեխաների գիտելիքներով և պատրաստվածությամբ, դա օրինակելի է այլ դպրոցների համար: Իմ սպասելիքները կրկնակի են արդարացվել», -ասել է էներգետիկայի գործակալության ծրագրի ղեկավար Արտակ Պետրոսյանը:

Նոր հարթակ «More for Metsamor» նախագծի շրջանակում դպրոցում կստեղծվի նաև մուլտիմեդիոն գոտի: Այն հնարավորություն կտա անցկացնել ինտերակտիվ դասեր, որոնք կմիավորեն ոչ միայն դպրոցի աշակերտներին, այլև՝ քաղաքի բնակիչներին: