Սերժ Սարգսյանը Արցախից բացի, որևէ այլ վայրում անշարժ գույք չունի. ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակի արձագանքը՝ «Սասնա ծռերի»՝ Ս.Սարգսյանի նոր առանձնատան վերաբերյալ հայտարարությանը

21:15 • 21.11.19

ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել առ այն, որ Սերժ Սարգսյանը Արցախից բացի, որևէ այլ վայրում անշարժ գույք չունի:

«Դատախազությունը պատրաստակամորեն ուսումնասիրություն է սկսել «Սասնա ծռեր» կազմակերպության հերյուրանքի հիման վրա, որը, ի դեպ, հանրության շրջանում առավել հայտնի է «ահաբեկչական խումբ» անվամբ: Այդ ուսումնասիրության արդյունքը կլինի լավագույն պատասխանը վերոհիշյալ հերյուրանքին:

Հավելենք, որ Սերժ Սարգսյանը Արցախից բացի, որևէ այլ վայրում անշարժ գույք չունի»,-ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես նշվում է, որ իրենց տեղեկությունների համաձայն՝ Սերժ Սարգսյանի համար ուրիշի անունով շքեղ առանձնատուն է գնվել Իտալիայի մայրաքաղաք Հռոմում՝ մեծահարուստների թաղամասում։